ԵՄ-ն, Գերմանիան, Միացյալ Թագավորությունն ու Շվեդիան կաջակցեն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական միությունը, Գերմանիայի Դաշնության, Միացյալ Թագավորության և Շվեդիայի կառավարությունները Հայաստանի կառավարությանը կաջակցեն դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման գործում: Այս կառույցների միջև նոյեմբերի 14-ին համատեղ փաստաթուղթ ստորագրվեց:

«Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմել է մի շարք միջազգային գործընկերների, և ահա նրանցից մի քանիսը համաձայնություն են հայտնել մասնակցել դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը ցուցաբերվող աջակցությունը: Այս փաստաթղթով պաշտոնապես կազդարարվի Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն ծրագրի մեկնարկը, որի նպատակն է ունենալ թափանցիկ, վստահելի, ազատ, արդար ընտրություններ դեկտեմբերի 9-ին:

Վստահ եմ, որ այս բոլոր ջանքերի հիմքում ոչ միայն զուտ տեխնիկական, աշխատանքային պարտավորություններն են, այլև անկեղծ նվիրում Հայաստանում ժողովրդավար ընտրությունների աջակցման գործում: Մենք բավական երկարատև պլաններ ունենք նաև զարգացնելու ընտրական գործընթացները Հայաստանում: Եթե մենք ընտրությունների արդյունքում խորհրդարանում ունենանք մեծամասնություն, ապա հաջորդ ընտրությունները ՀՀ-ում կանցնեն նոր ընտրական օրենսգրքով»,- ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն Հայաստանում տեղի ունեցած նախկին ընտրություններին նույնպես մասնակցել է, և այդ մասնակցությունը լինելու է շարունակական:

«Այս ջանքերը, որ նախաձեռնել է Կառավարությունն ու ՄԱԶԾ-ն, նպատակ է հետապնդում, որ վստահ լինեք, որ ձեր քվեները արդարացիորեն տեղ կհասնեն: Մի վաճառեք ձեր ձայները, կաշառքներ մի վերցրեք ու ամեն անգամ, երբ ձեզ նման առաջարկ անեն, տեղեկացրեք այդ մասին: Այս ընտրությունները թող դառնան լավագույնը ոչ միայն Հայաստանի, այլև այլ ազգերի պատմության մեջ»,- ասաց Սվիտալսկին:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով` սա շատ կարևոր օր կլինի Հայաստանի համար:

«Ռեկորդային ժամանակահատվածում կարողացանք անել այս ծրագիրը: Գերմանիան 700 հազար եվրո է տրամադրել՝ նույնականացման սարքավորումների ու տեսախցիկների ներդրման համար»,- նշեց նա:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիֆ Ֆարնուորթը նշեց, որ այս ընտրությունները Հայաստանի զարգացման նոր փուլի սկիզբն են ազդարարելու:

«Կարծում եմ, այն արագությունը, որ մենք՝ դոնորներս, ի գործ ենք դրել, խոսում է այն մասին, թե մենք որքան ենք կարևորում այս ծրագիրը: Այս ամենի նպատակն է, որ ընտրողները վստահ լինեն, որ իրենց քվեներն այդ օրը հաշվի կառնվեն: Ընտրությունները սկիզբն են ազդարարում, ոչ թե ավարտը Հայաստանի զարգացման նոր փուլի: Մեծ Բրիտանիան սատար է կանգնում ՀՀ կառավարությանը: Մենք կայուն ու ժողովրդավար գործընկեր ենք տեսնում ի դեմս` Հայաստանի»,- ասաց Ֆարնուորթը:

Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը հույս հայտնեց, որ ընտրությունները կբարձրացնեն հասարակության վստահության մակարդակը:

«Նախորդ ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդների վերջնական արդյունքը ասում էր, որ հասարակության կողմից վստահության պակաս կար: Հուսամ, որ այս տարի ընտրություններից հետո կկարողանանք հավաստել, որ հասարակության վստահությունն ավելի բարձր էր»,- նշեց Ֆրեդրիկսոնը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ ներկայացուցիչ Շոմբի Շարփի խոսքով` իրենք մեծապես կարևորում են ժողովրդավար կառույցների հզորացումն ու ամրապնդումը Հայաստանում:

«Ուզում ենք վստահ լինել, որ կհասնենք մեր նպատակներին ու տեսնում ենք, որ բոլորն ունեն այս ցանկությունը: Սա առաջին անգամը չէ, որ մեր դոնորների կողմից օժանդակություն է ցուցաբերվել ընտրությունների հարցում: Փորձում ենք քայլ առ քայլ առաջ գնալ ու նախկին դրական փորձը էլ ավելի բարելավել: Ուզում ենք բարձրացնել ընտրողների իրազեկման մակարդակը ընտրությունների մասնակցության վերաբերյալ: Այս ընտրությունների արդյունքը ժողովրդի ձեռքում է»,- նշեց Շարփը:




Լրահոս