ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա է դարձել նաեւ Ադրբեջանում: Իլհամ Ալիեւը Մինսկ այցից առաջ հանդիպել է իր երկրում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչին:
Դեսպանը նրան մանրամասներ է ներկայացրել ՀԱՊԿ վերջին նիստում տեղի ունեցած քննարկումներից: Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից մարտի 1-ի գործով մեղադրվող Յուրի Խաչատուրովին ետ կանչելուց հետո Բելառուսն է ցանկանում ժամանակից շուտ զբաղեցնել այդ տեղը, մինչդեռ Հայաստանն ընդդիմանում է, քանի որ մինչեւ 2020 թվականը մեր երկրին է տրված պաշտոնը զբաղեցնելու իրավունքը:
Ու հիմա Բելառուսի դեսպանի կողմից Ադրբեջանին ՀԱՊԿ նիստից մանրամասներ հայտնելը, մեղմ ասած, տրամաբանության մեջ չի տեղավորվում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են հակամարտության մեջ: Բայց մյուս կողմից այդ ամենը կարելի է տրամաբանական համարել, քանի որ Բելառուսն Ադրբեջանին զենք է վաճառում, այսինքն՝ այդ երկու երկրները ռազմաքաղաքական համագործակցության մեջ են, ու պաշտոնական Մինսկը շատ բան կարող էր Բաքվին պատմել թաքուն, առանց այդ ամենի մասին բարձրաձայնելու:
Հիմա Ադրբեջանի իշխանություններն էլ իրենց հերթին են փորձում Բելառուսին քաջալերել, որպեսզի անզիջում լինեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակում: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ հայտարարել է, թե Բաքվի համար միեւնույնը չէ՝ որ երկրի ներկայացուցիչն է զբաղեցնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը` չթաքցնելով, որ Ադրբեջանը անցած տարի զգուշավորությամբ է ընդունել Հայաստանի ներկայացուցչի նշանակումը: Ավելին, Ալիեւը փորձել է է՛լ ավելի սրել Մինսկի եւ Երեւանի ակնհայտորեն լարված հարաբերությունները` յուրովի մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությունները. «ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարությունները լիովին անընդունելի են, արտգործնախարարությունը չի կարող մեկնաբանել այլ, հատկապես դաշնակից համարվող երկրի նախագահի խոսքերը կամ դրանք ոչ կոռեկտ բնորոշել», – ասել է Ադրբեջանի նախագահը: Ալիեւի հայտարարություններն, իհարկե, սպասելի էին. նրանք փորձելու են հնարավոր բոլոր մեթոդներն օգտագործել օտարերկրյա պետություններին Հայաստանի դեմ տրամադրելու հարցում: Ու հիմա բավական ծանր առաքելություն ունի Հայաստանի ԱԳՆ-ն. այս գերատեսչության ստորաբաժանումները, հատկապես` Բելառուսում ՀՀ դեսպանությունը, պետք է ակտիվ աշխատանք տանեն այդ ուղղությամբ իրականությունը ներկայացնելու եւ Հայաստանի շահն առաջ տանելու համար: