Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արարատյան մաքսատանը ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ժամանակ գոյացող հերթերի խնդրին՝ առանձնացնելով դրա առաջացման երեք պատճառ:
«Առաջինը, ՊԵԿ համապատասխան ծառայությունը կարելի է շատ ավելի արդյունավետ կազմակերպել: Այսինքն՝ մենք որոշակի առումով մեր մեղքն ընդունում ենք: Երկրորդ, տեխնիկական առումով նաև այնտեղ ոստիկանությունը գազի հետ կապված որոշակի հերթեր է գոյացնում, ինչը մաքսային ձևակերպումների որևէ բաղադրիչ չի հանդիսանում: Հետևաբար, նաև հերթերի գոյացման պատճառը ոչ մաքսային մարմնի գործունեություն է: Եվ երրորդ, 2017 թվականի ընթացքում, եթե չեմ սխալվում, մոտ 27 հազար ավտոմեքենա է ներկրվել ՀՀ, այս տարվա 10 ամսվա կտրվածքով՝ արդեն 45 հազար»,- ասաց ՊԵԿ նախագահը: Նրա խոսքով, ավտոմեքենաների հոսքն էլ է բավական շատ:
«Եթե այս երեք պատճառները համադրենք, կունենանք Ձեր հարցի պատասխանը»,- նկատեց Անանյանը: