Նոյեմբերի 14-ին Երեւանում կրակոցներ էին հնչել: Ժամը 03:30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի բնակիչ 53-ամյա Կարեն Դ.-ն, որ ՊՆ գնդապետ է, Ոստիկանության Նոր Նորքի բաժին էր ահազանգել` հայտնելով, որ ժամը 03:10-ի սահմաններում իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել բակում կայանված իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի պատճառով էլ ավտոմեքենայի անվտանգության ազդանշանը միացել է:
Իրավապահները պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցը, ինչպես նաեւ առջեւի աջակողմյան դռան ապակին, եւ կրակոցներն արձակվել է մի քանի անգամ: «Ժողովուրդ» օրաթերթին այդ միջադեպի մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, գնդապետը ասել է, որ որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չունի եւ չի կարող պատկերացնել, թե ով կարող էր կրակել իր մեքենային:
Ինչեւէ, ըստ նախնական տվյալների` ենթադրյալ հանցագործները ցանկացել են գողանալ ՊՆ գնդապետի մեքենայի գազի բալոնը եւ կրակել են բեռնախցիկին, որ այն բացվի, եւ իրենց գործողությունները կատարեն, սակայն մեքենայի ազդանշանը միացել, եւ նրանց չի հաջողվել տանել գնդապետի մեքենայի գազաբալոնը: