Ոչ միայն իմ հետ կապված գործը, այլ բոլորինն էլ բացվելու է. Արամ Բարեղամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008թ. մարտի 1-ի քաղբանտարկյաներից այն ժամանակ ՀՀՇ, այժմ ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանի դեմ ժամանակին հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազությունը նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել: Հիշեցնենք` Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ իբր բռնություն գործադրելու եւ նրա առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման: 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին կատարված իրադարձությունների առթիվ ներկայումս ՀՀ ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ի հայտ են եկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածով նախատեսված դատական ակտի վերանայման հիմքեր, դատական ակտ կայացնելիս անհայտ մնացած հանգամանքներ:

Նշենք, որ վերը նշված հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ երեւան եկած հանգամանքների հետեւանքով դատական ակտերը վերանայվում են, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված է վկայի, տուժողի ցուցմունքների, թարգմանչի կատարած թարգմանության ակնհայտ սխալ կամ փորձագետի եզրակացության ակնհայտ կեղծ լինելը, ինչպես նաեւ իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների եւ այլ փաստաթղթերի կեղծված լինելը, որոնք հանգեցրել են չհիմնավորված կամ անօրինական դատավճիռ կայացնելուն: Անհայտ մնացած հանգամանքներից մեկն այն է, որ «տուժողը» քրեական գործով ցուցմունք է տվել առ այն, որ իրականում չի իմացել եւ չգիտի` իրեն հարվածողը եղել է Արամ Բարեղամյանը, թե այլ անձ: Վկան նշել է, որ 2008 թվականին քննության ընթացքում ճանաչման ներկայացնելիս, ինչպես նաեւ դատավարական այլ գործողությունների ընթացքում իրականում համոզված չի եղել, որ հենց Արամ Բարեղամյանն է եղել իրեն վնասվածք պատճառողը, սակայն հաստատել է այդ փաստը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին խոսել է նախկին քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի հետ:

-Պարո՛ն Բարեղամյան, գործի այսպիսի ընթացքը սպասելի՞ էր Ձեզ համար:

-Իհարկե սպասելի էր: Վաղ, թե ուշ գալու էր այդ օրը: Ինձ մի քանի անգամ կանչել էին հատուկ քննչական ծառայությունից, բայց դատախազության վարույթ ընտրելու հետ կապված լրատվամիջոցներից եմ իմացել: Ամեն դեպքում, ՀՔԾ-ն ինձ կանչել է հարցաքննության, այդ մասին հետագայում կխոսեմ: Շատ սպասելի էր: Ինչպե՞ս կարող էր մի ոստիկանի ցուցմունքով այդպիսի բան լինել: Ոչ միայն իմ հետ կապված գործը, այլ բոլորինն էլ բացվելու է:

-Ի՞նչ ակնկալիքներ կան առհասարակ մարտի 1-ի գործի բացահայտումից:

-Մարտի 1-ը խարան է մեր պետության համար: Մարտի 1-ը մինչեւ վերջին կետը բացահայտվելու է: Ժողովրդի վստահությունը վերականգնելու համար այս ոճրագործությունը պետք է բացվի, դրանից հետո նոր կարող ենք առաջ շարժվել: Թավշյա հեղափոխությունից հետո այս գործը քայլերով առաջ է գնում: Դա պարզ երեւում է: Ու մենք դեռ ամեն ինչից չէ, որ տեղյակ ենք:

-Ըստ Ձեզ` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը ի՞նչ ընթացք կստանա:

-Չեմ կարող ասել` ինչ կլինի: Բայց համոզված եմ` ինքը դատապարտվելու է իր արած բոլոր քայլերի համար: Այն դատավորը, որ ինձ դատապարտել է վեց տարվա ազատազրկման, այն դատավորն է, որ փոխել է Քոչարյանի խափանման միջոցը:

Լուսինե Մինասյան




Լրահոս