Թավշյա հեղափոխությունից հետո էջմիածին քաղաքում բացահայտված աղմկահարույց քրեական գործով անցնող մեղադրյալները կանգնել են փաստի առաջ: Ինչպես հայտնի է, Էջմիածին քաղաքում ընդդեմ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ակտիվ ցույցեր էր իրականացնում քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: Վերջինս ցանկանում էր քաղաքը ազատագրել Մանվել Գրիգորյանի կլանից, իսկ ահա Մանվել Գրիգորյանը չնայած շարունակում էր մնալ ԵԿՄ նախագահ, սակայն մոռացել էր իր սերտ հարաբերությունները ՀՀԿ-ի հետ: Եւ այս երկու անձանց վրա էլ հեղափոխությունը բավականին թանկ նստեց:
Իրավիճակ է փոխվել
Մասնավորապես, 2018թ. հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները առաջինը ձերբակալեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին եւ նույն օրը քաղաքական բալանսը պահելու համար ձերբակալեցին նաեւ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին:
Ասատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը) նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` ավելի ուշ իրավապահները ապօրինի զենքի մասով մեղադրանքը հանել են Արթուր Ասատրյանի վրայից, եւ նա այժմ միայն մեղադրվում է անձի առեւանգման հատկանիշներով:
Ո՞ւմ էր Դոն Պիպոն առեւանգել
2017 թվականի մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ մահափորձ է իրականացվել քրեական հեղինակություններ Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի՝ վստրեչի Ապերի դեմ: Ավելին` հրապարակվեց այն մասին, որ մայիսի 8-ին անձամբ Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել էին Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել էին նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, Արտակ Այվազյանը:
Սակայն պարզվում է` մինչ իրավապահներին հայտնելը Արթուր Ասատրյանը իր դեմ մահափորձ իրականացնող անձանց առեւանգել էր եւ փորձել հասկանալ, թե ով է իր մահափորձի պատվիրատուն եղել:
ԱԱԾ տեսանյութն ու փորձաքննությունը
Ինչեւէ, իրավապահները կալանավորեցին Արթուր Ասատրյանին, եւ ավելի ուշ համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ, ըստ նախաքննական մարմնի, Դոն Պիպոն հարցնում է.
-…Որ ո՞ւմ խփեն:
Սպանություն նախապատրաստող անձը պատասխանում է.
-Պիպոյին:
-Որտե՞ղ խփեն:
Առեւանգված անձը ասում է.
-Էդ արդեն չգիտեմ:
Տեսանյութում չերեւեցող անձը, որին, ըստ նախաքննական մարմնի, Դոն Պիպոն հարցնում է.
-Էս կողքինդ ո՞վ է:
Առեւանգվածը պատասխանում է.-Վազգենը:
Արթուր Ասատրյանը հարցնում է.-Ինչքա՞ն փող պիտի տայիր սրանց, որ ինձ խփեր:
Պատասխան.
-10 հազար դոլար:
Մինչեւ այժմ բոլորին հայտնի էր, թե տեսանյութում խոսող անձը Դոն Պիպոն է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` փորձաքննությամբ ապացուցվել է, որ այդ խոսող անձը Դոն Պիպոն չէ, եւ ընդամենը նա մեղադրվում է մարդկանց երկար անազատության մեջ պահելու համար:
Անձնագիր չունի
Եւ այսպես, շուրջ երեք ամիս մնալով կալանքի տակ` սեպտեմբերի 20-ին Արթուր Ասատրյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Սակայն նա այս օրերին մեկ այլ խնդրի առաջ է կանգնել. անձնագիրը չեն տալիս մինչեւ քննության ավարտը: Դատելով փորձաքննության եզրակացությունից` ստեղծվել է մի իրավիճակ, որ դեռեւս մարդկանց մեղավորությունը չապացուցված, մոտավոր փաստերի վրա իրավապահ համակարգը կալանավորում է նրանց՝ այդ կերպ շտապելով սեւացնել մարդկանց, սակայն նախաքննության ավարտից հետո պարզ է դառնում, որ այդ անձինք այդքան էլ մեղավոր չեն: Իսկ եթե օբյեկտիվ մոտենանք իրավիճակին, ապա Արթուր Ասատրյանը եթե ցանկանար սպանել իր դեմ մահափորձ իրականացնող անձանց, ապա վաղուց կաներ: Բայց նա հանցագործներին հանձնել է իրավապահներին եւ այսօր էլ սեփական կյանքը փրկելու համար հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում:
Վիրավորված է
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արթուր Ասատրյանը վիրավորված է գործող իշխանության վերաբերմունքից, քանի որ բոլոր նախագահների օրոք նա ունեցել է խնդիրներ: Մասնավորապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք նրան արգելել են գալ Հայաստան, Սերժ Սարգսյանի օրոք կարճ է մնացել Հայաստանում, ու երբ «ժամանակը լրացել» է, ասել են՝ գնա: Ուստի իր համար անհասկանալի է մնացել, թե թավշյա հեղափոխությունից հետո ինչու պետք է այսպես ստացվեր. ի վերջո նա պայքարում էր այնպիսի անձանց դեմ, որոնց պատճառով երկիրը հայտնվել էր վատ վիճակում:
Կալանքից ազատվելուց հետո նա իր մտերիմներին հայտնել է, որ այն անձն է եղել, որ Հռոմի երկու պապերի հետ 1 ժամանոց առանձնազրույց է ունեցել եւ շատ բան է արել Հայաստանի համար, սակայն չի գնահատվում:
ՄԱՐԴԻԿ ԷԼ ԿԱՆ` ԿՈԿԱԻՆ ԵՆ ԲԵՐՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում գրել էր, որ հայկական կողմը արգելում է աջ ղեկով մեքենաների մուտքը Հայաստան: Արդյունքում տեւական ժամանակ է, ինչ Բագրատաշենի անցակետում աջ ղեկով մեքենաների բավականին մեծ կուտակումներ են: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ:
-Պարո՛ն Արշակյան, ինչ քայլեր եք ձեռնարկելու այս խնդրի լուծման ուղղությամբ. մարդիկ 130 մեքենա բերել են եւ այն թողել հայկական սահմանին:
-Այդ 130 մեքենան մարդիկ թող տանեն, Վրաստանում վաճառեն: Հնարավոր չէ օրենքի շրջանակներում որեւէ բան անել:
-Բայց մարդիկ հիմա փաստի առաջ են կանգնել. «ժամանակավոր» բառը հանվել է, որի մասին իրենք նախապես տեղյակ չեն եղել:
-«Ժամանակավոր» բառը ընդունված օրենքում չի եղել, Էդպես են ընդունել: Թող գնան, Ազգային ժողովում իրենց հարցերը…
-Այսինքն, Դուք որեւէ բան չե՞ք անելու իրենց խնդիրը լուծելու համար:
-Օրենքի շրջանակներում քայլ չկա, ոչ թե չենք ուզում անել, այլ օրենքը թույլ չի տալիս:
-Հիմա Դուք` որպես նախարար, խորհուրդ եք տալիս մարդկանց իրենց մեքենաները տանել եւ Վրաստանում վաճառել:
-Ես ոչ մի բան խորհուրդ չեմ տալիս, ասում եմ` հնարավորություն կա դա անել, տանել, վաճառել ուրիշ տարածքում` Վրաստանում, Ղազախստանում, որտեղ դա արգելված չէ: Հայաստանում արգելված է այդպիսի մեքենա ներմուծելը:
-Դե, մարդիկ բերել են ու փաստացի խնդրի առաջ կանգնել…
-Դե, մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում եւ այնտեղ` սահմանին, խնդրի առաջ են կանգնում:
-Բայց նախապես էր պետք ասել մարդկանց, ոչ թե այդ «ժամանակավոր» բառը այս կամ այն կողմ տանել ու մարդկանց թյուրիմացության մեջ գցել…
-Կարելի էր ասել, թող գնան եւ պատասխանները ուզեն ասողներից: Ես գիտեմ, որ օրենքը համապատասխան ձեւի հրապարակվել է, մարդիկ պետք է տեղեկանային:
-Արդյունքում չեն տեղեկացել …
-Գիտեք, այդ հարցերի հասցեատերը այս պահին ես չեմ:
-Մյուս կողմից` տուգանքներ են մուծում մարդիկ, մեքենաներն են փչանում: Մարդիկ ասում են` փորձեք հասկանալ` ինչ է կատարվում:
-Օգնում ենք հասկանալ` օրենքն արգելում է, եւ մենք հիմա լուծում չենք տեսնում: Օրենքը շատ հստակ է գրված: Դուք ի՞նչ եք առաջարկում:
-Գոնե այն մարդիկ, ովքեր բերել են եւ հայկական սահմանին են թողել, թույլ տալ ներկրել…
-Այսինքն` օրենք խախտել: Ես ասում եմ` օրենքը թույլ չի տալիս:
-Դե, մեկը մյուսի վրա գցելով` մարդիկ են տուժում:
-Մեկը մյուսի վրա չենք գցում… Ազգային ժողովն է ընդունել օրենքը, եւ այն ընդունվել է նախկին իշխանությունների օրոք:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
«ՖԼԵՇ»-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Սերժ Սարգսյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով նախաքննությունը ավարտվել է, սակայն դատելով մինչ այս տեղի ունեցած զարգացումներից` այս գործը իրավապահ մարմինների գլխին պատուհաս է դարձել:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին` բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության հատկանիշներով:
Բանն այն է, որ 2015 թվականին Բ. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից խոշոր չափերի գույքի հափշտակություն է եղել, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին, բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար, ինչն էլ նա արել է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախաքննություն իրականացնող մարմինը գործը ուղարկել էր ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը գործով նախաքննության ավարտ հայտարարի եւ այն ուղարկի դատարան, սակայն սեպտեմբերի 14-ին դատախազությունը որոշում է կայացնում գործը կրկին ուղարկել ՀՀ քննչական կոմիտե նոր քննության, քանի որ դատախազությունը նկատել է, որ գործով քննիչների կողմից կոնկրետ քայլեր պետք է իրականացվեր, ինչը վերջիններս բաց են թողել:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին այս հափշտակությունից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնում որպես մեծածախ վաճառքի մենեջեր` Միշա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014-2015թթ. ընթացքում աշխատելով «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնում` որպես մեծածախ վաճառքի մենեջեր, ընկերությունից հափշտակել էր 46 միլիոն 794 հազար 452 դրամ ավտոպահեստամասեր: Վարդանյանը մինչ օրս չի ընդունում իր մեղքը եւ դատարանում պայքարում է իր իրավունքների համար: Ըստ էության, Միշա Վարդանյանն էլ եղել է այն անձը, որ բողոք էր ներկայացրել Բարսեղ Բեգլարյանի դեմ:
Իսկ ինչ ցուցմունք է տվել քննիչներին Բարսեղ Բեգլարյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` երբ քնննիչները նրան կանչել են հարցաքննության եւ հետաքրքրվել են, թե նա արդյոք բռնություն է գործադրել, սպառնացել է, վերջինս պատասխանել է, որ բռնություն չի գործադրել, չի սպառնացել որեւէ մեկին եւ չի ընդունում այն մեղադրանքը, որ առաջադրել են իրեն:
Այսպիսով, երեկ մեզ հայտնի դարձավ, որ շուրջ 3 ամիս տեւած քննությունից հետո այս գործով նախաքննությունը ավարտվել է եւ այն առաջիկայում կուղարկվի դատախազություն, որից հետո էլ դատարան:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ