Այսօրվանից սկսվում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։ Ինչպես հայտնի է՝ ընտրություններին մասնակցում է 11 ուժ, որոնք բոլորն էլ այսօրվանից սկսվում են քարոզարշավը։ Ներկայացնում ենք ծրագիրը։ Ներկայացնում ենք ըստ քվեաթերթիկի համարի հերթականության։
Ժամը 13.00-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մամլո սրահում (Մելիք-Ադամյան, 2) տեղի կունենա Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը: ՀՀԿ նախընտրական ծրագիրը կներկայացնեն Արփինե Հովհաննիսյանը և Արմեն Աշոտյանը:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հանդես կգա «Ապագան ՔՈնն է» կարգախոսով, իսկ ընտրարշավը կմեկնարկի ժամը 11։02-ին Մաշտոցի պուրակից։
Նոյեմբերի 26-ին, ժամը 18-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ արձանի մոտ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սկսում է իր ընտրապայքարը: «Հանուն մեր ծրագրերի, հանուն Հայաստանի ու հայության,միշտ հավատարիմ հողին ու հային»:
«Իմ քայլը» դաշինքն այսօր կլինի Արագածոտնի և Շիրակի մարզերում։ Գրաֆիկը հետևյալն է․ ժամը 11.00 Թալին, 13.30 Մարալիկ, 15.00 Արթիկ, 17.00 Գյումրիի Վարդանանց հրապարակ։
«Լուսավոր Հայաստան» Կուսակցության երևանյան քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, ժամը 10։30-ին Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի մոտակայքից։ Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն քարոզարշավ է իրականացնում երեք մակարդակով՝ մարզային, երևանյան և ռեյտինգային։ Երևանյան քարոզարշավը գլխավորում են Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը։ Մյուս թևը քարոզարշավը սկսում է Ագարակ քաղաքից։
Ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ (ՀՔԺԿ) ,կուսակցության առաջին համար Լևոն Շիրինյանն ու ցուցակի երկրորդ համար Մարիամ Մանուկյանը:
Ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրերն են Ազգային առաջընթաց կուսակցության ներկայացուցիչներ Լուսինե Հարոյանն ու Գրիգոր Գրիգորյանը:
ՄԵՆՔ Դաշինքի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի Տավուշի մարզից: Դաշինքի անդամները նոյեմբերի 26-ին առավոտյան ժամը 9-ին Մատենադարանի հարակից տարածքից կշարժվեն դեպի Տավուշ: Տավուշի մարզի քարոզարշավի գրաֆիկն է՝
1. Նոյեմբերյան՝ 13:00
2. Աչաջուր՝ 14:30
3. Իջևան՝ 16:00
4. Դիլիջան՝ 17:30
Կլինեն նաև միջհամայնքային կանգառներ:
Նոյեմբերի 26-ին քարոզարշավի մեկնարկը տրվելու է ՕԵԿ կենտրոնական գրասենյակից դեպի Սուրբ Աննա եկեղեցի ( հասցե՝ Աբովյան 43), ժամը 12:00-ին
ժամը 12:00-ին Ազգային Ժողովի այգում՝ դարպասների մոտ, կմեկնարկի Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարոզարշավը։ Տեղեկացնում ենք, որ վաղը նաև տեղի է ունենալու Սասնա Ծռերի առաջին հանդիպումը քաղաքացիների հետ։ Հանդիպումը կկայանա ժամը 15:00-ին Նոր Նորքում, Գայի արձանի մոտ։
Նոյեմբերի 26-ին` ժամը 10:30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԱԺ պատգամավորներ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Միքայել Մելքումյանը եւ 9-րդ համար Գեւորգ Պետրոսյանը: