ՀՅԴ պատգամավորի թեկնածուն կարծում է, որ պատրաստված կանայք պիտի հավակնեն քաղաքականություն մտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքականության մեջ պիտի ներգրավվեն կանայք, ովքեր ունեն ոչ միայն բավարար ներուժ, համապատասխան ինտելեկտ ու կրթություն, այլև համապատասխան աշխարհընկալում և քաղաքական մտածողություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Ռուզաննա Առաքելյանը:

Նրա խոսքով՝ կանանց ներգրավվածությունը Ազգային ժողովում բավարար է, բայց գործադիրում՝ համալրման կարիք ունի: «21-րդ դարում զարգացած երկրներում ոչ թե քվոտայի մասին են խոսում՝ դա համարելով արհեստական խնդիր, արդեն խոսվում է կանանց ներուժի օգտագործման մասին բոլոր ոլորտներում: Պատրաստված կանայք պիտի հավակնեն քաղաքականություն մտնել»,- ընդգծեց նա:

Ռուզաննա Առաքելյանը մտահոգություն հայտնեց, որ հատկապես գյուղական համայնքներում կանանց գրեթե չեն ընտրում: «Մեր հասարակության մեջ դեռևս կա մի խավ, մանավանդ գյուղերում, որը չի վստահում կանանց: Մենք պետք է հոգեբանական այդ պատնեշները հաղթահարենք հասարակության զարգացման միջոցով»,- նկատեց բանախոսը:

«Ազգային առաջընթաց» կուսակցության պատգամավորի թեկնածու Լուսինե Հարոյանն էլ հավելեց, որ պետք է ստեղծել առողջ հասարակություն: «Մեր կուսակցությունը կարևորում է բոլորի իրավագիտակցության բարձրացումը: Մեզ մոտ կանայք ավելի շատ են ներգրավված»,- ասաց նա:

Հարոյանը նշեց, որ կնոջ և տղամարդու միջև ջրբաժանի վերացումը տեսնում է կրթության ոլորտում փոփոխությունների միջոցով:




Լրահոս