Հարց քաղաքացիներից` Եթե ստաժի թիվն արխիվում և աշխատանքյաին գրքույկում տարբեր են, ի՞նչ պետք է անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մորս աշխատանքային գրքույկի մեջ նշված է 10 տարվա աշխատանքային ստաժ: Մի քանի ամիս առաջ դիմել է տարածքային սոցապ բաժին կենսաթոշակի անցնելու համար, բայց սոցապ բաժնի աշխատողները նրա տվյալները սխալ են մուտքագրել, ու նա մայիս ամսվա թոշակը չի ստացել: Բողոքարկելուց հետո դիմել ենք արխիվ տվյալները ճշտելու համար: Սոցապ բաժնից ասում են, որ աշխատանքային ստաժը 10 տարուց քիչ է, բայց գրքույկի մեջ նշված է հենց 10 տարի: Խնդրում եմ պարզաբանել:

Անահիտ Հարությունյան

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
Ընդ որում, աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկությունները անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը հարցման միջոցով ստանում է պետական արխիվից, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժեշտ տվյալներ:
Անահիտ Հարությունյանի մոր կենսաթոշակի եւ աշխատանքային ստաժի վերաբերյալ նրա կենսաթոշակի գործով հստակ պատասխան տալու համար անհրաժեշտ են նրա մոր անձը նույնականացնելու համար անհրաժեշտ տվյալներ (անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի սերիա եւ համար):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչեւ 2003 թվականի հունվարի 1-ը` նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս