Օրերս Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հրապարակեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի հրամանի լուսանկարը:
Պարզվում է` նախկին ռեկտորը 2013թ. նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ իրեն ու համալսարանի մի քանի աշխատակիցների գործուղել էր Արարատի մարզ մասնակցելու նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի քարոզարշավին:
Նախարարի պաշտոնակատարը իր հրապարակման մեջ նաեւ նշել էր` դեռ չի պարզել` դրա համար ռեկտորն ու մյուսները գումար ստացել են, թե ոչ: Չնայած դժվար չէ ենթադրել, որ միայն ծառայողական մեքենայի օգտագործումն արդեն իսկ վկայում է վարչական ռեսուրսները կիրառելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է ռեկտոր Գայանե Գասպարյանի հետ:
-Տիկի՛ն Գասպարյան, ի՞նչ կասեք հրամանագրի մասին:
-Ես որեւէ մեկնաբանություն չեմ տալիս, եթե նախարարը որոշել է 2013 թվի հրամանը հրապարակել: Անկեղծ ասած` չգիտեմ, թե դա ինչ նպատակով է արված: Չեմ կարող հասկանալ:
-Ձեզ ո՞վ է տարել քարոզարշավի: Նախկին նախարար Արմեն Աշոտյանը կապ ունի՞ սրա հետ:
-Ոչինչ չեմ ասելու: Եթե էդպես է, այն ժամանակվա բոլոր ռեկտորներին զանգե՛ք, հարցրե՛ք: Այդ հրապարակումը, հավանաբար, որեւէ նպատակ ունի:
-Ձեր ցանկությա՞մբ եք գնացել:
-Չեմ ասի:
Լուսինե Մինասյան