Օֆշորային կղզիներից ներդրումները պակասել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների մասին հաշվետվությունը:

Պաշտոնապես, Հայաստանում ուղղակի ներդրումները ավելացել են. եթե 2017 թվականի հունվար-սեպտեմբերին ուղղակի ներդրումները կազմել էին 57 մլրդ 84 մլն դրամի չափ, ապա 2018 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը փոքր-ինչ ավելացել է`կազմելով 59 մլրդ 848 մլն դրամ: Այսինքն` մոտ ավելի քան 2 մլրդ 764 մլն դրամով ավելացել են ներդրումների ծավալները: Բայց մյուս կողմից` նկատենք, որ ներդրումները հիմնականում նվազել են Ջերսիի կղզիներից` օֆշորային գոտուց: Ինչպես հայտնի է, այնտեղից ներդրումներ են կատարվել Հայաստանի հարավում գտնվող Ամուլսարի հանքավայրում: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը նախատեսում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի` օֆշորային է, որը 2006 թվականին գրանցվել է Ջերսիում` Չաննել կղզիում: Նկատենք, որ Ջերսիից այս տարվա հունվար-սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել են ուղղակի ներդրումների ծավալները` ավելի քան 38 մլրդ 259 մլն դրամով:

Այսպես, ըստ ՎԿ-ի` եթե 2017 թվականի հունվար-սեպտեմբերին օֆշորային այս կղզուց եկած ուղղակի ներդրումները կազմել են 58 մլրդ 899 մլն 800 հազար դրամ, իսկ ահա այս տարվա նույն ժամանակահատվածում` 20 մլրդ 640 մլն դրամ: Տեղեկացնենք, որ օֆշորները` ոչ միայն արտասահմանյան, այլեւ տեղական, հարկերը շրջանցելու տարբերակ են: Օֆշորային գոտում գտնվող կեղծ ընկերություն կարելի է տանել կապիտալ, որտեղից «ներդրում» կատարել այստեղ, իսկ եկամուտը վերադարձնել օֆշորային գոտի: Այդպիսով կարելի է շրջանցել եկամտահարկը, որը Հայաստանում 20 տոկոս է կազմում, իսկ օֆշորներում` 1-2 տոկոս կամ ընդհանրապես 0 տոկոս (բնականաբար, դա չի նշանակում, որ այդպես են վարվում օֆշորային երկրներից կամ գոտիներից բոլոր ներդրողները):

Թեկուզ փոքր չափի, բայց Ռուսաստանից եւս ավելացել են ուղղակի ներդրումների ծավալները: Պաշտոնական վիճակագրությամբ` 2018-ի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից Հայաստան մտել է 11 մլրդ 718 մլն 200 հազար դրամի չափով ներդրումներ: Ի դեպ, բացի այս` ավելացել են նաեւ Գերմանիայից Հայաստան մտնող ուղղակի ներդրումների ծավալները` ավելի քան 3.6 մլրդ դրամի չափով:
Միայն այս տարվա ընթացքում Գերմանիայից Հայաստան մտել է 14 մլրդ 359 մլն դրամի ներդրումներ` անցած տարվա 10 մլրդ 749 մլն դրամի դիմաց: Նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններից վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստան եկած ներդրումների ծավալներն են ավելացել. եթե 2017 թվականի հունվար-սեպտեմբերին դրանք կազմել էին 362 մլն 200 հազար դրամ, ապա այս տարվա նշված ժամանակահատվածում այն եղել է 779 մլն 400 հազար դրամ: Թեեւ պաշտոնապես փոքր-ինչ ավելացել են ներդրումների ծավալները, բայց սա այն բավարար չափը չէ, որ կարող էր Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն ունենար: հուսանք այս պատկերը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո դրական առումով կփոփոխվի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս