Ազգային ժողովում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են: Դրան զուգահեռ չի բացառվում, որ առաջիկայում շինարարություններ եւ փոփոխություններ լինեն արդեն աշխատասենյակներում` կապված նոր Ազգային ժողովի եւ պատգամավորների հետ: Ի վերջո, գաղտնիք չէ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո եւս եղան պատգամավորներ, ովքեր վերանորոգեցին իրենց աշխատասենյակները, մեծացրին դրանք, նույնիսկ կահույք գնեցին: Եվ նախնական քննարկումների արդյունքում նախնական որոշումներ են եղել մշտական հանձնաժողովների նախագահների հետ կապված:
Օրինակ` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը, ըստ ամենայնի, գործուղվելու է խորհրդարան` լինելով նաեւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Եվ ԱԺ հին մասնաշենքից դեպի նոր մասնաշենք տանող ճաապարհին նաեւ թեքահարթակ է դրվել, եւ վերջերս անձամբ Բաթոյանը եղել է խորհրդարանում եւ նրա հետ միասին քննարկել են աշխատասենյակի հնարավոր տարբերակները: Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, ըստ նախնական քննարկումների, կլինի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Անդրանիկ Քոչարյանն էլ` Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ: