Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել ազատ պայմաններում և կրել են ժողովրդի լայն վստահությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ դիտորդական խմբի հատուկ համակարգող Պետր Օսուսկին՝ ներկայացնելով իրենց դիտորդական խմբի եզրակացությունը Ազգային ժողովի ընտրություններում:
«Հայաստանում գործել են բաց քաղաքական բանավեճերը ներառյալ ԶԼՄ-ների մասնակցությամբ և առցանց: Խախտումների ընդհանուր բացակայությունը, այդ թվում ՝ քվեների առք ու վաճառքի և ճնշումների բացակայությունը, հնարավորություն են տվել իրականացնել իրական մրցակցություն: Մեր բոլոր դիտորդները նշել են, որ ընտրական օրենսգրքի բոլոր ընթացակարգերը պաշտպանված էին : Մարդկանց շատ-շատերը նշել են, որ ընտրությունները և քարոզարշավի ընթացքը եղել են բաց և պարզ, ինչպես նաև կայացել են բովանդակային բանավեճեր: Դիտորդները նաև նշել էին, որ կցանկանային լիդերների բանավեճեր լինեին նաև իրենց երկրներում»,-ընդգծեց ԵԱՀԿ դիտորդական խմբի համակարգողը:
Նրա խոսքով՝ որոշակի մտահոգություն և անհանգստություն է առաջացրել ընտրությունների ֆինանսավորման կարգը, որը ստեղծել է որոշ անհավասար պայմաններ:
Օսուսկին հավելեց, որ մրցակիցները հնարավորություն են ունեցել իրականացնել իրենց քարոզարշավները, և բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծվել էին հավասար պայմաններ հավաքների ազատ անցկացման համար:
«Այսօրվա Հայաստանի իշխանությունն արտահայտել է իր քաղաքական կամքը ընտրությունները անցկացնել արդար և հավասար պայմաններում, ինչպես նաև այդ իշխանությունը չի խրախուսել քվեների առք ու վաճառքը: Բայց ամեն դեպքում որոշակի փոփոխություններ են անհրաժեշտ, և այդ առումով մեր կազմակերպությունը հանձնարարականներ և առաջարկներ է ներկայացրել,, որոնք մենք կցանկանային, որ իրականացվեր»,- ասաց Օսուսկին:
Նրա կարծիքով՝ այս ընտրությունները Հայաստանին բերել են դրական էներգիա:
«Ժողովրդավարությունը չի կարող առաջ գնալ առանց լայն հանրության վստահության և հաճելի է նշել, որ ընտրությունների ժամանակ կար այդ վստահությունը և դա էր այս ընտրությունների հիմնական բնութագիրը»,- եզրափակեց Օսուսկին: