Սա նախորդ իշխանության կողմից մեզ փոխանցված թերի ԸՕ-ի արդյունք է. 3-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն խորհրդարանում չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային թեկնածու Վահրամ Ավագյանը կուսակցությանը ամենաշատ ձայներ բերած թեկնածուն է Էդմոն Մարուքյանից եւ Մանե Թանդիլյանից հետո: Սակայն այնպես է ստացվել, որ պատգամավորի թեկնածուն ԱԺ-ում մանդատ չի ստանալու: Խնդիրն այն է, որ կուսակցությունը պարզապես կոնկրետ Արագածոտնի մարզում այնքան ձայն չի հավաքել, որ այդ մարզից պատգամավոր ունենա: Նշենք, որ կան պատգամավորներ, որոնք հավաքել են երկու անգամ ավելի քիչ ձայն, քան Վահրամ Ավագյանը, եւ նրանք հայտնվելու են ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի մասին զրուցել է ԼՀԿ պատգամավորի թեկնածու Վահրամ Ավագյանի հետ:

-Պարո՛ն Ավագյան, Դուք կուսակցությունում ամենաշատ ձայներ հավաքած երրորդ թեկնածուն եք, սակայն մանդատ չեք ստանալու: Որքանո՞վ է սա արդար: Սա ընտրական օրենսգրքի բացթողում համարո՞ւմ եք:

-Այն, որ Ընտրական օրենսգիրքը ամբողջությամբ բացթողում է, կարծում եմ, նորություն չի որեւէ մեկի համար։ Իսկ ինչ վերաբերում է իմ քվեներին, անկախ դրանց քանակից ու կուսակցությունում կամ ինչ որ չափանիշներով զբաղեցրած իմ հորիզոնականներից` ես շարունակում եմ պատասխանատու լինել ինձ ուղղված վստահության յուրաքանչյուր քվեի համար եւ չեմ պատրաստվում խուսափել մարդկանց խնդիրների եւ դրանց լուծման ճանապարհների ուղիները գտնելու կամքից ու պատասխանատվությունից։

-Սա համարո՞ւմ եք մարդու իրավունքների խախտում։

-Անարդար է, թե ոչ, թողնում եմ օբյեկտիվ վերլուծությանը, ես գործընթացի կողմ եմ, հետեւաբար սուբյեկտիվ կարծիք ունեմ, որը այս պահին չեմ հնչեցնի։

-Զրուցե՞լ եք կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի հետ: Ի՞նչ է նա ասում այս մասին:

-Իհարկե, զրուցել եմ։ Ուզում եմ ասել, որ սա կապված չէ որեւէ անձի հետ եւ որեւէ մեկից կախված չէ` ինչ կլինի։ Սա ընդամենը ԸՕ-ի բացթողումն էր, եւ պետք չէ անձերի հետ կապել։ Սա նախորդ իշխանության կողմից մեզ փոխանցված թերի ԸՕ-ի արդյունք է, որը ոտնահարում է մարդկանց ներկայացված լինելու իրավունքը

-Որպես փոխհատուցում հնարավո՞ր է Ձեզ առաջարկվի որեւէ աշխատանք ԱԺ-ում: Նման քննարկումներ կա՞ն:

-Նման քննարկումներ չկան։ Ես որեւէ փոխհատուցման չեմ սպասում։ Մենք պատասխանատվություն ենք կրում բոլոր այն մարդկանց համար, ովքեր մեզ վստահել են իրենց քվեն։ Հետամուտ եմ լինելու, որ այդ մարդկանց հարցերը բարձրաձայնվեն եւ լուծում ստանան։ Դա, բնականաբար, լինելու է ԱԺ-ում մանդատ ստացած իմ գործընկերների միջոցով նաեւ։

Լուսինե Մինասյան




Լրահոս