Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դատական համակարգում դարձավ ներքին տարաձայնության առիթ, եւ նույնիսկ բանը հասավ այնտեղ, որ դատավորներից մեկը հրապարակավ հայտարարեց, թե դատական համակարգի վրա կա բիրտ ճնշում:
Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Քոչարյանին ազատ արձակեց: Արդյունքում գործը հասավ ՀՀ վճռաբեկ դատարան, եւ մեկուկես ամիս անց Վճռաբեկը որոշեց կրկին գործը ուղարկել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան նոր քննության: Եւ արդեն դեկտեմբերի 7-ին դատավոր Ռուբիկ Մխիթարյանը որոշեց ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ասել է թե` ՀՀ երկրորդ նախագահը կրկին կալանավորվեց:
Ու մինչ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քայլեր են ձեռնարկում նրան ազատ արձակելու ուղղությամբ, դատավորները հրապարակային հայտարարում են, որ դատական համակարգի նկատմամբ այս գործով ճնշում կա: Մասնավորապես, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որի որոշմամբ Քոչարյանն ազատ էր արձակվել, հայտարարել էր, որ դատական համակարգի վրա բիրտ ճնշում կա: «Որ բիրտ ճնշում է եղել, դա միանշանակ»,- դեկտեմբերի 7-ին իր հարցազրույցում ասել էր նա` ընդգծելով, որ ճնշումները եղել են համակարգի վրա: Իսկ թե ում կողմից, նա չէր մանրամասնել:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին այս թեմայով մի քանի հարց է ուղղել: Մասնավորապես, երբ քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, կաշկանդվա՞ծ էր, թե՞ ոչ: Արդյոք իր վախերից, անհանգստությունից ելնելով` զանգահարե՞լ է նախաքննական մարմնի ղեկավարներին կամ, առհասարակ, այլ անձանց եւ հայտնել` օրինակ, ինչ անի, ոնց անի: Քանի որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հայտարարել էր, թե դատական համակարգի վրա ճնշում կա, այն էլ` բիրտ, հարցրել էինք` իրեն ճնշե՞լ են, եթե ոչ, ինչպե՞ս կբացատրի գործընկերոջ հայտարարությունը:
Ի պատասխան մեր այս եւ այլ հարցադրումների` դատավոր Մխիթարյանը իր օգնական Վերժինե Առաքելյանի միջոցով փոխանցել էր հետեւյալ պատասխանը. «Տեղեկացնում եմ, որ պարոն Մխիթարյանը նպատակահարմար է համարել նախ իրազեկել որպես դատավոր իր սկզբունքներից մեկի մասին` հետեւությունները թողնելով Ձեզ, ընդգծելով, որ տվյալ սկզբունքից երբեւէ, այդ թվում նաեւ` Ձեզ հետաքրքրող գործով, չի շեղվել, իսկ նշված սկզբունքը հետեւյալն է. դատավորը պարտավոր է դատական գործունեություն իրականացնել` ելնելով բացառապես փաստերի գնահատումից եւ իրավունքի գիտակցված ընկալմանը համապատասխան` անկախ ցանկացած կողմնակի ազդեցությունից, ճնշումներից, սպառնալիքից, քննադատված լինելու մտավախությունից կամ որեւէ այլ մղումից»:
Ինչ վերաբերում է Ձեր ներկայացրած մյուս հարցադրումներին, ապա դրանց առնչությամբ պարոն Մխիթարյանը հարկ է համարել ընդամենն ընդգծել, որ Ձեզ հետաքրքրող գործի առնչությամբ որեւէ մեկի հետ դատական նիստից դուրս (ընդդիմազերծ) որեւէ քննարկում չի ունեցել, իր` որպես դատավորի գործունեությանը որեւէ միջամտություն կամ դրա փորձ չի եղել, հակառակ դեպքում այն, անկասկած, կարժանանար օրենքով նախատեսված համարժեք արձագանքի:
Միեւնույն ժամանակ, Ձեր որոշ հարցեր անպատասխան թողնելու առնչությամբ պարոն Մխիթարյանը հայցել է ներողամտություն` գտնելով, որ դրանցից մի մասի հասցեատերն ինքը չէ, իսկ մյուսների մասով որեւէ դիրքորոշում հայտնելը կամ հայտարարություն անելը անհամատեղելի է դատավորի վարքագծի եւ էթիկայի կանոնների հետ»:
Քնար Մանուկյան