Հայաստանի պետական գերատեսչությունները թավշյա հեղափոխությունից հետո էլ շարունակում են որոշ հարցերում նախորդների ավանդույթով շարժվել, մասնավորապես` պետական բյուջեի միջոցներով կոնյակ գնելը։ Ինչպես հայտնի է, պետբյուջեի հաշվին սովոր են կոնյակներ գնել Երեւանի քաղաքապետարանը, Արտաքին գործերի նախարարությունը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ցանկում տեղ է գտել նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Պարզվում է, որ ՊԵԿ-ը դեկտեմբերի 5-ին պայմանագիր է կնքել «Արբչեն» ընկերության հետ եւ ձեռք բերել 10 հատ կոնյակ՝ 0.7 եւ 0.75 լիտր տարողությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 5 հատ 0.7 լիտր «Դվին» կոնյակի համար ՊԵԿ վճարել է 238 հազար 750 դրամ։ Այսինքն` մեկ շիշ կոնյակի համար ծախսվել է 47 հազար 750 դրամ։ Իսկ մյուս 5 հատ 0.75 լ տարողությամբ «Արարատ. Շառլ Ազնավուր» կոնյակի համար ծախսվել է ընդհանուր 475 հազար դրամ՝ մեկ շիշը 95 հազար դրամ։ Մեզ հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ը կոնյակ-հուշանվերները գնել է պատվիրակությունների համար։