ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանում ընտրական աջակցության ծրագրի ղեկավար կոմիտեի հերթական նիստը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` այդ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ղեկավար կոմիտեի մյուս անդամներին ներկայացրել է քվեարկության օրվա եւ դրան հաջորդող որոշ զարգացումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Բնականաբար շեշտվել է, որ ԱԺ այս ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան, ու դրա վկայությունն է այն, որ ԿԸՀ-ն չի ստացել որեւէ քաղաքական կուսակցությունից կամ որեւէ թեկնածուից բողոք, ինչպես նաեւ չի ստացվել ընտրությունների ամբողջական վերահաշվարկի որեւէ դիմում։ Նաեւ ԱԺ ընտրություններին մասնակից ուժերից ոչ մեկը, անգամ պարտված կուսակցությունները, Սահմանադրական դատարանում չեն բողոքարկել ընտրությունների արդյունքները:
Հայաստանում վերջապես միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելուց հետո նոր իշխանությունները, ունենալով բարձր լեգիտիմություն, հիմա պետք է մեկ կարեւոր խնդիր լուծեն՝ ձեռնամուխ լինեն ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումներին: Ընդ որում` ցանկալի է, որ օրենսդրական այդ փոփոխություններն արվեն հնարավորինս արագ ի սկզբանե հստակեցնելու հաջորդ ընտրությունների խաղի կանոնները: Իսկ օրենսդրական բարեփոխումների հիմնական նպատակը ռեյտինգային ընտրակարգի վերացումն ու հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի ներդրումն է: Սա անհրաժեշտ է Հայաստանի քաղաքական համակարգի կայացման համար: Միաժամանակ, սա ճիշտ այն է, ինչ առաջարկում էր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեկ-երկու ամիս առաջ: Բայց քանի որ վեցերորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ-ն դեռ կոճակային մեծամասնություն էր, օրենսդրական առաջարկը մերժվեց: Հիմա Փաշինյանի իշխանությունը, խորհրդարանում ունենալով բացարձակ մեծամասնություն, կարող է անարգել օրենսդրական փոփոխություններ կատարել:
Գաղտիք չէ, որ ռեյտինգային ընտրակարգով սովորաբար կարող են պատգամավոր ընտրվել նաեւ քաղաքականությունից հետո մարդիկ, որոնք ընդամենը ունեն մեծ շրջապատ, եւ տվյալ դեպքում ընտրողը քվեն տալիս է ոչ այնքան կուսակցությանը, ոչ այնքան գաղափարախոսությանը, որքան անձերին: Այս ընտրակարգի վերացումը եւ անցումը համամասնական ընտրակարգի կարող է ընտրողին «ստիպել», քվեարկել քաղաքական մոտեցմամբ:
Մյուս կողմից` նկատենք, որ այս ընտրակարգի ներդրումը ձեռնտու է հենց իշխանություններին, քանի որ այդ անձերի միջոցով հնարավոր է երաշխավորված քվեներ ունենալ: Այնպես որ, հետաքրքիր է` նոր իշխանությունն իր ժամկետի ավարտին արդյոք կհամաձայնի՞ հրաժարվել ձայների քիչ թե շատ երաշխավորված այդ «կապիտալից»: