Նախատոնական այս շրջանում Երեւանի փողոցներում կարելի է հանդիպել բնական եղեւնիների փոքր շուկաների: Նշենք, որ բնական եղեւնիները վաճառվում են 50-160 հազար դրամով: Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ արգելված է բնական եղեւնիների եւ սոճիների հատումը: Այս պատճառով այսօր Հայաստանում նախատոնական շրջանում վաճառվում է Գերմանիայից, Իրանից, Ռուսաստանից ներկրված կամ մեր հանրապետությունում` հատուկ տնկարաններում աճեցրած եղեւնիներ:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին եւ հետաքրքրվեց` արդյոք շուրջօրյա վերահսկողություն իրականացվում է Ամանորի նախօրեին եղեւնիների եւ սոճիների վաճառքի օրինականության վերաբերյալ: Մեր հարցին ի պատասխան` տեսչական մարմնից հայտնեցին. «Այո, հարցը մեր ուշադրության կենտրոնում է, շրջայցեր կիրականացվեն վաճառակետերում պարզելու` արդյոք դրանք սահմանված կարգով արտերկրից ներմուծված ծառե՞ր են, թե՞ տեղական ոչ օրինական կերպով հատված ծառեր, ճյուղեր»: