Ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության, մենք ունենք շատ առողջ քաղաքական ուժ. Հովիկ Աղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մի քանի օր շարունակ թեժ «մարտեր» էին ընթանում ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջեւ: «Ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ զրուցել է այս թեմայով` փորձելով հասկանալ, թե ինչու իրենք` որպես իշխանական կուսակցություն, չփորձեցին հանդարտեցնել կողմերին:

-Եթե խոսենք ձեւավորված ընդդիմության մասին, Ձեր կարծիքով` ինչո՞ւ նման կռիվ սկսվեց։

-Որոշ դեպքերում` քաղաքական ամբիցիաների, որոշ դեպքերում` չընկալելու ընդդիմության իրավական կարգավիճակը։ Շատերը կարծում են, որ ընդդիմությունը պետք է անընդհատ հակադարձի իշխանություններին։

-Այսինքն` կռիվը ապացուցելու համար է, թե ով է ռեալ ընդդիմությո՞ւն։

-Ըստ էության, այո։ Ժամանակը ցույց կտա, թե ով ինչքանով է պատրաստ ծառայելու ժողովրդին եւ արդարացնելու այն մանդատը, որն իրենք ստացել են։

-Ունե՞նք այնպիսի ընդդիմություն, որը կարող է զսպել իշխանություններին։

-ԲՀԿ-ի պարագայում չեմ կարող հստակ գնահատական տալ, բայց «Լուսավոր Հայաստանի» մասով վստահ կարող եմ ասել, որ ի դեմս այդ կուսակցության` մենք ունենք շատ առողջ քաղաքական ուժ, որը կարող է միշտ օբյեկտիվ գնահատական տալ այս կամ այն քաղաքական որոշմանն ու գործընթացին, որը կներկայացնի իշխող քաղաքական ուժը։

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ




Լրահոս