Մայրն ահազանգում է. մի′ քանդեք մեր ընտանիքը. որդուս անհիմն տանում են կալանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Վարդենիս քաղաքի բնակիչ Արմինե Կարապետյանը` խնդրելով ու պահանջելով, որ իրավապահ մարմինների ղեկավարներն ուշադրություն դարձնեն այս քրեական գործին եւ իր որդուն անհիմն չկալանավորեն:

Այսպիսով, Արմինե Կարապետյանը հայտնեց, որ ինքը հանդիսանում է Վալերի Կարապետյանի մայրը, որին ցանկանում են կալանավորել գողության համար, բայց մոր պնդմամբ` որդին կապ չունի այդ ամենի հետ. «Դեկտեմբերի 18–ին որդիս` Վալերին, տանն էր էր, ծննդյան օրն էր, հաց էի պատրաստում: Երեկոյան երեք անձ քաղաքացիական հագուստով եկան եւ ասացին, որ Վալերին պետք է գա ոստիկանության Վարդենիսի բաժին: Մենք հարցրեցինք ինչ է եղել, ասեցին` կգա կիմանաք: Որդիս գնաց ոստիկանության բաժին, մենք էլ մտածեցինք, թե ինչ եղած պետք է լինի, հեսա կգնա ու կգա: Ամուսինս մի քիչ անհանգստացավ, դեղ տվեցի, ճնշման խնդիր ունի, մի քիչ հանգստանար եւ գնար որդու հետեւից, տեսներ, թե ինչ է եղել: Մի քիչ անցավ, մեկ էլ դուռը թակեցին ոստիկանության 10-12 աշխատակից, գիշերվա 11-ին լցվեցին մեր տուն եւ ասացին, թե խուզարկություն պետք է անեն: Իրենց հետ բերել էին երկու երեք քաղաքացի, որոնց մենք չէինք ճանաչում: Երեխեքը քնած էին, երեխեքը վախեցած արթնացան եւ նրանց աչքի առաջ սկսեցին խուզարկություն, ամբողջ ընտանիքը վախի մեջ էր, բա դա անելու բան էր: Առավոտը լուսը բացվեց, ամուսինս գնաց բաժին, իրեն այնտեղ ասել էին, որ գողություն է եղել, դրա համար են որդուս բռնել, կքննեն, կհասկանան եւ որդուս բաց կթողնեն: Այսօր էլ մեզ հայտնի դարձավ , որ որդու ծեծել են, հոգեբանորեն ճնշել են, որ վիզ առնի, թե ինքն է արել այդ գողությունը: Ամուսնուս հետ գնացինք ոստիկանություն, խնդրեցինք, որ որդուս հետ տեսակցություն թույլ տան, մեզ ասացին նման բան չեն կարող անել: Մեզ մոտեցավ մի ոստիկան` Արթուր անունով եւ ասաց, որ ինքն է գողության տան մոտ տեսել իմ որդուն եւ նմանեցրել է, որ նա է: Ոստիկան Արթուրը մեզ այնտեղ ասաց. «Եթե ես ձեզ հնարավորություն տամ ձեր որդուն տեսնեք, ապա օգնեք , որ նա վիզ առնի, որ դա ինքն է արել»: Ասացի մտնենք տեսնենք, թե ինչ է եղել»:

Ըստ Արմինե Կարապետյանի` ամեն ինչ կազմակերպվեց եւ նա մտավ եւ որդու հետ հանդիպեց, սակայն հանդիպումը եւս անցել է ապարդյուն «Համոզում ենք տղայիս` վիզ առ, տղաս նյարդայնացած ասում է, թե ինքը չի արել նման բան, ինքը խաբար չէ, ինչը վիզ առնի: Այդ ոստիկանն ընդամենը նմանեցրել է որդուս: Դեպքը եղել է ժամը 21:00-ին, այդ ժամին որդիս տունն է եղել: Անգամ ոստիկանին ասել եմ գնացեք մեր տուն եւ հարցրեք հարսիս, թե այդ ժամին իր ամուսինը որտեղ է եղել, երբ է տանից դուրս եկել: Իմ տղայի ընկերները, հարեւանները կարող են հաստատել, որ նա տանն է եղել, քանի որ այդ ժամին որդու ընկերոջ աղավնին կորել էր, եկել էին տեսնելու, թե կարող է իրենց աղավնիները մեր աղավնիների հետ իջել են մեր բակ»:

Արմինե Կսրապետյանի խոսքով` քնիչին խնդրել է կանչի հարեւաններին, բայց նա չի լսել իր հորդորները. «Միթե մի ոստիկանի ասելով կամ ծնողին ասելով գնա համոզի, որ վիզ առնի, այդպե՞ս են գործերը քննում, երեւի այս ամենի մեջ ոստիկան կա, դրա համար են այդպես անում, դրա համար ոչ մի գործ չի բացահայտվում: Իմ որդուն փակի տակ են պահում մեկ բանի համար, որ ընդամենը ոստիկան Արթուրն գողության տեղը տեսել է ինչ-որ անձանց եւ նմանեցրել է որդուս: Ձեզ ասեմ, որ որդիս ու ոստիկան Արթուրը որոշ ժամանակ առաջ ընդհարում են ունեցել, այդ ժամանակ որդիս գնացել է ոսկու հանք` գործ ուզելու, ոստիկան Արթուրը որդուս ահ էր տվել, թե ցույցին մի մասնակցի, գործ մի ուզի, տղաս ասել էր, թե ինչ եմ անում, եկել եմ գործ եմ ոզում, ոստիկան էր ահ էր տվել, թե կտեսնես: Այդ ամենից հետո քննիչը կանչել էր որդուս, ասել էր, թե նման բան չանես, եթե աշխատանք ես ուզում, նորմալ գնա դիմում գրի: Քննիչը որդուս ասել էր, որ Արթուր քո դեմ բողոք ունի, որ դու իր հետ կոպիտ ես խոսել: Այո, ես ասում եմ, որ գողություն եղել է, եւ այդ գողությունը եղել է ոստիկան Արթուրի տան հարեւանությամբ, ինքը միգուցե տեսել է ուրիշի եւ, դրանց հետ համագործակցելով,  որդուս հետ վրեժխնդիր է լինում»:

Տիկին Կարապետյանի խնդրանքը մեկն էր, որ որդուն անհիմն կալանքի չտանեն, այլ արդար քննություն իրականացնեն, մեկ ոստիկանի ցուցմունքի վրա ընտանիք չքանդեն, երեխաների որբ չթողեն. «Մենք անզոր ենք այս շղթայի դեմ պայքարելու, սա ոհմակ է: Մենակ տեսնելով մարդ չեն ձերբակալում, մի քանդեք մեր ընտանիքը, ոչ մի փաստ չկա, ես այս ամենի մեջ տեսնում եմ, որ խառն է ոստիկանի մատը»:




Լրահոս