ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ հակասությունները սպառնում են ավելի խորանալ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ այդ կառույցի անդամ երկրների հակասությունները սպառնում են ավելի խորանալ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել էր երկրի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու համապատասխան որոշման նախագիծը: Ու այս օրերին Զասը սկսել է հանդիպումների շարքը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ` միաժամանակ հայտարարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու պարտաստակամության մասին:

«Ես պատրաստ եմ Հայաստանի վարչապետին հարմար ցանկացած ժամանակ մեկնել այնտեղ եւ հանդիպել նրա, Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարների հետ, քննարկել այն հարցերը կամ խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեությունում, եւ հետագայում աշխատել նաեւ այդ խնդիրների ուղղությամբ»,- ասել էր նա:

Սակայն դատելով Հայաստանի պաշտոնական արձագանքից` հանդիպումը հազիվ թե տեղի ունենա գոնե մոտ ապագայում: Վարչապետի խոսնակ Արման Եղոյանը հայտարարել է, որ Փաշինյանը պատրաստ չէ այդ հանդիպմանը: «Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասել է Եղոյանը։

Ենթադրվում է` Հայաստանը ՀԱՊԿ-ում նաեւ վետո կդնի Զասի թեկնածությանը, եթե Բելառուսը պնդի իր ցանկությունը: Այդ դեպքում Բելառուսը փորձելու է օգտվել ՀԱՊԿ կանոնակարգում առկա սողանցքներից ու որոշումները կայացնել առանց Հայաստանի: Զասը երեկ հայտարարել է, թե ՀԱՊԿ կանոնակարգը նախատեսում է սահմանափակ ձեւաչափով որոշումների ընդունում, երբ ոչ բոլոր երկրներն են համաձայն այս կամ այն հարցի շուրջ: «Բայց ես հույս ունեմ, որ, ամեն դեպքում, կոնսենսուս կլինի, եւ ներկայում գոյություն ունեցող հարցերը կհանվեն»,- հավելել է նա:

Ակնհայտ է, որ իրադարձությունների նման զարգացումը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ. ի վերջո, եթե Բելառուսը պնդի այս հարցն առանց Հայաստանի որոշելու ցանկությունը` օգտվելով կանոնակարգով նախատեսված սողանցքներից, կարող է լրացուցիչ անգամ հարուցել հայկական կողմի զայրույթը` լուրջ ճեղքվածք առաջացնելով կառույցի անդամ երկրների հարաբերություններում: Միաժամանակ, այդպես անհարմար դրության մեջ կհայտնվեն ՀԱՊԿ մյուս երկրները, այդ թվում` ՌԴ-ն, առանց որի աջակցության ՀԱՊԿ-ում նման հարցերը չեն լուծվի: Եւ ուրեմն լավագույն լուծումը կարող է լինել ժամանակ ձգելը, մինչեւ ավարտվի ՀՀ-ին հատկացված ժամկետի ավարտը:




Լրահոս