ՀԱՊԿ-ՈՒՄ ԱՌԱՆՑ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Չնայած հայկական կողմը շարունակում է պնդել, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ, եւ դեկտեմբերի 6-ին ոչ մի որոշում էլ չի կայացվել, սակայն այդ պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասն այս կարճ օրերի ընթացքում արդեն հասցրել է հանդիպել Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահներին եւ ստանալ նրանց աջակցությունը:

Նախ նշենք, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԵԱՏՄ գագաթնաժողով եւ ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Սակայն դրանից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ԵԱՏՄ գագաթնաժողովին զուգահեռ նաեւ ՀԱՊԿ նիստ են անցկացրել եւ ոտքի վրա լուծել գլխավոր քարտուղարի հարցը, եւ այն կզբաղեցնի հենց իրենց ներկայացուցիչը: Եվ հենց դրանից հետո էլ սկսվել են Զասի հանդիպումները սկզբից Ղրղզստանի, ապա Ղազախստանի եւ Տաջիկստանի նախագահների հետ, եւ ստացել է բոլորի աջակցությունը:
Ստացվում է` փաստացի Նազարբաեւն ու Լուկաշենկոն որոշել են այլ ճանապարհով գնալ: Բանն այն է, որ անգամ դեկտեմբերի 6-ի քննարկումներից հետո ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ ՌԴ ներկայացուցիչներն են հայտարարել, որ ՀԱՊԿ գլխավոր հարցի շուրջ որեւէ որոշում չի կայացվել: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի հերքել, որ Լուկաշենկոն գագաթնաժողովի ժամանակ բարձրացրել է այդ թեման, չնայած օրակարգում այդպիսի հարց չկար: Սակայն նրա խոսքով` այն ժամանակ բանակցությունների սեղանին ներկա չէին ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները: Չնայած դրան` Լուկաշենկոն դիմեց ծայրահեղ քայլի` մտածելով, թե Ռուսաստանի Դաշնությունը դժվար թե դեմ գնա Ղազախստան, Բելառուս եւ Ղրղզստան եռյակին հանուն Հայաստանի: Ընդ որում, նրանց ոգեւորել է նաեւ այն հանգամանքը, որ արտահերթ ընտրություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռեւս չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին:
Ընդ որում` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրեր առաջ առաջարկել էր, որ Ստանիսլավ Զասն այցելի նաեւ Հայաստան: «Եթե դուք պատրաստ եք ընդունել, լսել նրան, կարող եք չհամաձայնել, հետեւել Ձեր պրինցիպներին, սակայն Դուք նրա հետ կխոսեք»,- ասել է Լուկաշենկոն:
Եվ ստեղծված իրավիճակի պատճառը կրկին ՀԱՊԿ կանոնադրությունն է, որից էլ փորձել են օգտվել Բելառուսն ու Ղազախստանը: ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ կետն ասում է. «Գլխավոր քարտուղարը նշանակվում է խորհրդի որոշմամբ` երեք տարի ժամկետով»: Սակայն ռոտացիայի սկզբունքի շուրջ ոչ հստակ պարզաբանումը մանեւրելու հնարավորություն է տվել: ՀԱՊԿ կանոնադրության հոդված 12-ը պարզաբանում է որոշումներ կայացնելու կարգը: Եվ հոդված 12-ում հստակ նշված է, որ որոշումները կայացվում են կոնսենսուսով, եւ ցանկացած երկիր կարող է արգելք դնել:
Սակայն բացառություն է առկա, որից էլ օգտվում են նախագահները: Մասնավորապես, հոդված 12-ում ասվում է. «Խորհուրդն իրավունք ունի ընդունել որոշումներ նաեւ սահմանափակ ֆորմատով միայն մի պատճառով, եթե անդամ երկրներից ոչ մեկը չի առարկում որոշումների ընդունման այդպիսի կարգին: Անդամ երկիրը, որը չի քվեարկել սահմանափակ ներկայացուցիչներով հանդիպման ժամանակ, պատասխանատվություն չի կրում որոշումների կատարման համար»:
Եվ ահա հենց այստեղ է բարդ իրավիճակը: Պեսկովը եւս իր խոսքում նշել էր, որ երբ Լուկաշենկոն բարձաձայնել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, սեղանի շուրջ ոչ բոլոր ներկայացուցիչներն են եղել: Եվ այստեղ առաջին հերթին խոսքը Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին է, եւ ստացվում է` երեք երկրների ղեկավարներ որոշում են կայացրել առանց Փաշինյանի եւ Պուտինի համաձայնության: Եվ զարմանալի չէ, որ Զասն առաջինն այցելեց Ղրղզստան, իսկ մինչ այս ՌԴ անգամ չի էլ այցելել:
Այստեղ մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս առկա է: Երբ նոյեմբերի 8-ի ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պատասխանել էր լրագրողների հարցերին եւ անդրադարձել հարցին` ինչու չեն ցանկանում, որ ՀՀ ներկայացուցիչը լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, կարծիք էր հայտնել, թե մեկ տարվա ընթացքում նոր գլխավոր քարտուղարը չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներ այցելել։ Դեկտեմբերի 6-ից մինչ այժմ ընդամենը 12 օր է անցել, սակայն Բելառուսի ներկայացուցիչն արդեն երեք երկիր է այցելել եւ հանդիպումներ ունեցել:
Հետաքրքիր է` ինչ արդյունք կունենա առանց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցության ընթացող այս խաղերը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՎԵԼԻ ԱԶՆԻՎ ԳՏՆՎԵՑ
Արդեն հայտնի է, որ Հանրապետական կուսակցության նախագահի նախկին առաջին տեղակալ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Հիշեցնենք` իր թիմի մի քանի նախարարի հետ ՀՀԿ-ին անդամագրվելիս Կարեն Կարապետյանը մի քանի պատճառներ էր առանձնացրել, այդ թվում՝ իր կարծիքով, ՀՀԿ-ն փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան է: Այնինչ հիմա կարող ենք պնդել՝ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ում գտնվելը կապված էր միայն զբաղեցրած պաշտոնի հետ, եւ հիմա, երբ ՀՀԿ-ն իշխանություն չէ, նա հեռանում է կուսակցությունից: Կարապետյանի թիմի անդամներից ՀՀ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը ՀՀԿ-ին անդամագրվողներից մեկն էր: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել` արդյոք վերջինս նույնպես դուրս է եկել կուսակցությունից կամ նման միտք կա: Պարոն Ալթունյանը խուսափեց պատասխանել մեր հարցին` պնդելով, որ զբաղված է: Սակայն, ըստ հավաստի աղբյուրների` վերջինս չի պատրաստվում դուրս գալ եւ դեռ թավշյա հեղափոխության օրերին ընկերական միջավայրում ասել է, որ չի անի նման բան, որովհետեւ ճիշտ չի համարում ՀՀԿ-ի համար այս ծանր օրերին լքել կուսակցությունը: Փաստորեն նախկին նախարարն ավելի ազնիվ գտնվեց:

 

 

ՄՏԱԾՈՒՄ ԵՆ
Կառավարության կազմի եւ կառուցվածքի մասին փոփոխությունների մասին տեղեկություններն առաջին հերթին անհանգստացրել են այդ գերատեսչությունների միջին ու ստորին օղակի աշխատակիցներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին բոլոր գերատեսչությունների աշխատակիցները գտնվում են սպասողական եւ ճամպրուկային վիճակում՝ հասկանալով, որ օպտիմալացումից հետո կարող են զրկվել աշխատանքից: Եվ խոսքը բավականին մեծ թվով աշխատակիցների մասին է, ովքեր կմնան գործազուրկ: Ի վերջո, կրճատվելու է մեկ փոխվարչապետի հաստիք, իսկ նախարարությունների թիվն էլ 17-ից կարող է դառնալ 11 կամ 12, եւ այս փոփոխությունները չեն կարող չհանգեցնել կրճատումների: Ըստ տարբեր հաշվարկների` այս օրերին քննարկումները շարունակվում են, եւ իշխող ուժի ներկայացուցիչները փորձ են անում հասկանալ՝ որ գերատեսչությունը որին միացնեն, աշխատողներին ինչպես տեղաբաշխեն: Ընդ որում, նրանք այդ ամենը քննարկելուց հաշվի են առնում եւ ուսումնասիրում միջազգային փորձը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փոփոխությունները միայն նախարարությունների մակարդակով չեն լինելու, եւ ուսումնասիրվում են նաեւ կոմիտեների, ԾԻԳ-երի եւ ՊՈԱԿ-ների աշխատանքները, եւ այստեղ եւս փոփոխություններ կարվեն: Մեր տեղեկություններով` այս պահին հաշվարկ չկա, թե այս փոփոխությունների արդյունքում քանի մարդ կմնա առանց աշխատանք, սակայն կառավարության ներկայացուցիչները քննարկում են այլընտրանքի ստեղծման հնարավորությունը:

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ԽՆԴԻՐԸ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարեւորել են փոխվստահության եւ խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլերի իրականացումը:

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Ըստ վարչապետի մամուլի ծառայության` Մակրոնի ուղերձում մասնավորապես ասված է.«Պարո՛ն վարչապետ, թանկագի՛ն Նիկոլ, Ֆրանսիայի Հանրապետության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր քաղաքական կուսակցության արձանագրած հաջողության առթիվ։ Ընտրական այս գործընթացն ի ցույց դրեց հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին եւ օրենքի գերակայությանը։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություն լիազորությունների կատարման գործում։ …Վստա՛հ եղեք նաեւ, որ Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակելու է հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, արդարացի եւ տեւական կարգավորմանը»։

 

 

ՄԵԿԸ ԿՀԱՆԵՆ
Նորընտիր իշխանությունը երեք փոխվարչապետի պաշտոնը շռայլություն է համարում: Գործադիրում քննարկում են առաջին փոխվարչապետի հաստիքը կրճատելու հարցը: «Ազատությանն» այս տեղեկությունը փոխանցել է կառավարության աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը: «Այս պահին փոխվարչապետերի հաստիքների կրճատման հարցը քննարկման փուլում է։ Այո, նաեւ քննարկվում է երեքի փոխարեն երկու փոխվարչապետ ունենալու եւ առաջին փոխվարչապետի հաստիքը ընդհանրապես չունենալու տարբերակը։ Կան կարծիքներ, որ երեք փոխվարչապետը, ըստ էության, որոշակի շռայլություն է մեր պետական համակարգի համար», – նշեց Աղաջանյանը։

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը հետեւողականորեն եւ հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները եւ այդ առումով ընդգծել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ փոխգործակցության կարեւորությունը:

 

 

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի խոսքով` գալիք տարում դրամի արժեզրկման մասին լուրերը ապատեղեկատվություն են: «Որեւէ հիմնավոր վերլուծություն չեմ տեսել, թե ինչու են այդպիսի եզրակացության եկել: Դրանք զուրկ են որեւէ հիմքից եւ ապատեղեկատվություն են` չգիտեմ, թե ինչ նպատակներից ելնելով: Մեզ ո՛չ դեֆոլտ է սպասվում, ո՛չ էլ արժեզրկում»,-ասել է նա: Ստեփանյանը նաեւ նշել է, որ շուկաներում մրցակցության ավելացման միտումներ են ուրվագծվում: «Սա նաեւ տեսանելի է այն շուկաներում, որտեղ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ կան: Դրանք ավելի երկար են ծանրութեթեւ անում գնային փոփոխություններ իրականացնելու ժամանակ: Մի շարք շուկաներում կարող ենք տեսնել նույնիսկ միջազգային գների համեմատությամբ նվազման միտումներ, իսկ երբ միջազգայիններում գները բարձրանում են, մեր շուկայում գները բավական երկար ժամանակ չեն ավելանում»,- նշել է Ստեփանյանը:




Լրահոս