ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ, ԻՆՉՊԵՍ ՀԱՐԿՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ուրբաթ օրը դատարանը 25 մլն գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին, որը ձերբակալված էր այս տարվա հունիսի 19-ից: Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելուց հետո Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցվեց: Ազգային անվտանգության ծառայության հրապարակման համաձայն` նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից որոշներում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

Հիշեցնենք նաեւ, որ Մանվել Գրիգորյանի կալանավորումից եւ այդ տեսանյութի ցուցադրությունից հետո բոլորը, այդ թվում` նրա ազատամարտիկ ընկերները, քննադատում եւ փնովում էին Մանվել Գրիգորյանին: Իսկ նրա ամենամոտ ընկերն էլ` Սեյրան Սարոյանը, նշել էր, թե Գրիգորյանն Արցախի հերոսից դարձավ տուշոնկա գողացող:
Ուրբաթ ուշ երեկոյան Գրիգորյանն ազատ արձակվեց: Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու դատավորի որոշման համար հիմք է հանդիսացել նրա առողջական ծանր վիճակը։
Դատարանի որոշման շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է արցախյան պատերազմի մասնակիցներ Արայիկ Խուդավերդյանի` Կոռնիձորի Արոյի եւ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ:

Ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյան
-Պարո՛ն Խուդավերդյան, Մանվել Գրիգորյանի հետ երբեւէ հանդիպե՞լ եք: Խոսե՞լ եք իր գործի վերաբերյալ:
-Շատ սխալ հարց եք ուղղում: Կներեք, ես կապ չունեմ նրա հետ:
-Ի՞նչ եք մտածում խափանման միջոցը փոխելու մասին:
-Լրիվ նորմալ երեւույթ է: Քանի որ տեսնում ենք, թե արդարադատությունը այդ ուղղությամբ ոնց է աշխատում, էսօր դուրս կգա, վաղը ներս կմտնի: Ընթացիկ երեւույթներ են, որոնց լրիվ նորմալ եմ նայում: Սպասենք, տեսնենք` ինչպես վերաքննիչը կանդրադառնա այս գործին: Տեսնենք, չեմ ուզում ժամանակից շուտ ինչ-որ բաներ ասել: Ամեն մեկը պարտավոր է պատասխան տալ իր արած հանցագործությունների համար: Դա գրված օրենք է` կախված բոլորիս գլխին:
-Էջմիածնում ցույցեր են սկսվել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ: Ի՞նչ եք մտածում այս մասին: Հնարավո՞ր է, որ ցույցերը ուղղորդված են:
-Ոչինչ չեմ կարող ասել: Միայն կասեմ, որ Էջմիածինը գոնե անկախություն ապրել է: Այդ ռեժիմից դուրս է եկել: Ես ողջունում եմ ժողովրդի արածը: Եթե ժողովուրդը արդեն իր ձայնը կարողանում է բարձրացնել, ուրեմն այդ ժողովուրդն արդեն ազատ շունչ է քաշում: Առաջ նման բան չէր կարող լինել: Կարեւորը` հասարակությունը հասկացավ, որ իր խոսքը արժեք ունի: Մնացած ամեն ինչ ժամանակը իր տեղը կդնի: Միշտ չէ, որ ենթադրությունները ճշմարտացի են:
-Երբեւէ ցանկություն չի՞ եղել լսել նաեւ Մանվել Գրիգորյանի հիմնավորումները սրա վերաբերյալ: Գուցե ինչ-որ արդարացումներ է ներկայացնո՞ւմ:
-Միանշանակ, ոչ: Ես նրա հետ կապ չեմ ունեցել ո՛չ անցյալում, ո՛չ հիմա: Իր գործելաոճը ինձ երբեք հետաքրքիր չի եղել: Առհասարակ, հիմա էլ` ներկայիս դրությամբ, ինքը, իր կռուգը, իր շրջապատը, իր գործունեությունը, հանրապետականները, հանրապետականների պարագլուխները հետաքրքիր չեն: Էն ժամանակ, երբ դեռ ինքը հզոր էր, ես ասուլիս եմ տվել, ինչ որ պետք ա, ասել եմ: Դրա համար հիմա չեմ ուզում կրկնվել: Բացի այդ` հիմա անիմաստ է բան ասել, որովհետեւ ես երբեք ընկածին չեմ խփում: Եզն ընկնում ա, դանակավորները շատանում են, բայց դա իմ ստիմուլը չի: Ես դանակավոր եմ այն ժամանակ, երբ եզը դեռ առողջ է:

Ազատամարտիկ Գագիկ Մելքոնյան
-Պարո՛ն Մելքոնյան, Ձեզ համար սպասելի՞ էր, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի:
-Նոր եմ վերադարձել Հայաստան: Ճիշտն ասած` լրատվամիջոցներից տեղեկացա ամեն ինչ: Տեսա, որ ժողովուրդը ոտքի է կանգնել: Դե հիմա բոլորին էլ բաց են թողել: Ես մտածում էի, որ իրեն էլ կթողնեն, որովհետեւ բոլորից էլ գրավ են վերցնում ու բաց թողնում մեր դատավորները: Այսինքն` ոնց ուզում, էդպես էլ անում են:
-Այսինքն` ըստ Ձեզ` «ինչ կուզեն, էդպես էլ կանեն»-ը դեռ գործո՞ւմ է:
-Իհարկե, միանշանակ գործում է: Դե հիմա արդեն նոր իշխանություն ունենք` նոր կառավարություն, նոր Ազգային ժողով: Բաներ կան, որ արդեն պետք է դրվեն իրենց տեղը: Դատական համակարգը պիտի աշխատի, ոնց որ պետք է:
-Էջմիածնում տեղի ունեցած ցույցերը ինքնաբո՞ւխ էին:
-Ես սպասում էի, որ ցույցեր կլինեն: Պարզ է, որ էջմիածնեցիները ոտքի էին կանգնելու: Չեմ կարող ասել, որ ուղղորդվել է: Ամեն դեպքում, բնական բան եղավ, որ ցույցեր տեղի ունեցան:
-Գործը գնացել է Վերքննիչ դատարան: Ինչպե՞ս կհանգուցալուծվի` ըստ Ձեզ:
-Ամեն օր իրավիճակ է փոխվում: Ո՞նց կարող եմ ասել, թե ինչ կլինի:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ՄԻԱՆՄԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՎ ԵՐԿՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տարեվերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես թե ակտիվ հանդիպումների մեջ է։ Մասնավորապես, այսօր նա Մոսկվայում հանդիպում է ունենալու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, իսկ արդեն երկու օր անց՝ դեկտեմբերի 27-ին, կրկին Մոսկվայում նրան կհանդիպի ՀՀ առաջին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Եվ այդ հանդիպումների ժամանակ քննարկվելիք հարցերն ընդհանուր առմամբ նման են։

Լուկաշենկոն այս հանդիպմանը երկար է պատրաստվել, եւ բանակցությունների հիմնական թեման նավթի հարցում Ռուսաստանի նախաձեռնած նոր հարկային փոփոխություններն են։ Դա ենթադրում է, որ արդեն 2019-ին Բելառուսը կարող է կորցնել շուրջ 380 միլիոն դոլար։ Ռուս վերլուծաբանները քննարկումների ժամանակ նշում էին, որ բելառուսական բյուջեն այսօր լուրջ խնդիրներ ունի, եւ առանց Ռուսաստանի օգնության դժվար կլինի հաղթահարել այդ խնդիրները։ Բելառուսական լրատվամիջոցները նաեւ չեն բացառում, որ Պուտին-Լուկաշենկո հանդիպմանը հնարավոր է նաեւ քննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը եւ, հատկապես, որ այս շաբաթ նախատեսված է նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից: Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, որին Երեւանը վաղաժամ հետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրելուց հետո:
Այս հանդիպմանը եւս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման լինելու է քննարկվող հարցերի շրջանակում։ Սակայն նկատենք, որ Հայաստանի համար այս շրջանում թերեւս ավելի հետաքրքրություն եւ կարեւորություն ներկայացնող հարցերից է գազի սակագնի հարցը։ Օրեր շարունակ գազի սակագնի հնարավոր բարձրացման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողը, եւ գաղտնիք չէ, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ այս հարցն առանձնահատուկ քննարկում կունենա։ Ինչպես հայտնի է, տարեվերջին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազի համաձայնագրի ժամկետն ավարտվում է, եւ պետք է նոր պայմանագիր ստորագրվի՝ գազի այլ սակագնով։ Գազի սակագնին վերաբերող հարցեր քննարկվելու են նաեւ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: Ու կախված նրանից, թե ինչ լուծումներ կլինեն, պարզ կդառնա երկու երկրների նկատմամբ ՌԴ վերաբերմունքը:
Իհարկե, այս շրջանում ՌԴ-ի հարաբերություններն ավելի լարված են հենց Բելառուսի հետ, եւ պատահական չէ, որ Պուտինի կամ նրա շրջապատի կողմից այդպես էլ որեւէ հայտարարություն չի հնչում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին պաշտպանող։ Ու այդ առումով այսօրվա հանդիպումից իսկապես շատ բան է կախված։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային ժողովի աշխատակազմը հայտնվել է դատարանի առաջ: Մասնավորապես, Երեւանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել ԱԺ նախկին աշխատակից Հրայր Գեւորգյանը՝ պահանջելով ստիպել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը եւ վերականգնել նախկին աշխատանքում: Ի դեպ, սա միակ հայցը չէ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի դեմ: Իր հերթին խորհրդարանի աշխատակազմի դեմ դատական հայց է ներկայացրել «Դամկար» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը տարբեր գերատեսչությունների կահույքի մատակարարմամբ է զբաղվում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ-ն գցել է նրան «սեւ ցուցակ»: ԱԺ աշխատակազմը նոյեմբերին դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ «Դամկար» ՍՊԸ տվյալները գնումներին մասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում ներառելու համար: Եւ հիմա, փաստորեն, կահույքի մատակարարմամբ զբաղվող ընկերությունը փորձում է դատական ճանապարհով դուրս գալ այդ «սեւ ցուցակից»:

 

 

ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ԽՈՍԵԼ
«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջեւ փոխհրաձգությունը կարծես դադարել է: Ավելին, այս օրերին ԲՀԿ անդամները հարցազրույցներ չեն տալիս` փորձելով այսկերպ խուսափել ոչ միայն «Լուսավոր Հայաստանի», այլեւ, ընդհանրապես, քաղաքական որեւէ թեմայով խոսելուց: Իսկ իրենց լռությունը ԲՀԿ-ականները պատճառաբանում են ներկուսակցական պայմանավորվածությամբ: Այս իրավիճակում հետաքրքիր է` որտեղի՞ց, ո՞ւմ կողմից եւ, վերջապես, ինչո՞ւ է նման հրահանգ տրվել։ Հարցեր, որոնք այդպես էլ պատասխաններ չունեցան։

 

 

ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ «ԶԱՅՐԱՑԱԾ Է»
Երեւանի քաղաքապետարանը նախատեսել է բարձրացնել գիշերային առեւտրով զբաղվող տնտեսվարողների հարկերը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ տարի կեսգիշերից հետո առեւտրի կետերը, խանութները, սաունաները, խաղատները ավելի շատ հարկ կվճարեն, քան այս տարի են վճարում։ Օրինակ, եթե այս տարի առեւտրի օբյեկտները վճարել են 87 հազար 500 դրամ, ապա հաջորդ տարում կվճարեն 120 հազար դրամ։ Իսկ, ահա, ռեստորաններն ու ակումբները 175 հազար դրամի դիմաց կվճարեն 250 հազար դրամ։ Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի այս որոշումը խիստ զայրացրել է գիշերային առեւտրով զբաղվող ձեռներեցներին։ Նրանց խոսքերով` այս որոշման արդյունքում իրենք կփակեն իրենց խանութները։ Ի դեպ, «Տուրքերի դրույքաչափերի» փոփոխությունների մասին այս որոշումը համայնքի ավագանին կքննարկի այսօր։




Լրահոս