ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտամետ համայնքում առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին:
Արմավիրի մարզի Արտամետ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաև ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ կատարված յուրացումների վերաբերյալ, պարզվել մեխանիզմը:
Ա.Դավթյանը, ով 2005թ. հոկտեմբերի 10-ից հանդիսացել է Արտամետ համայնքի ղեկավարը, լինելով պաշտոնատար անձ, օժտված է եղել կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, պատասխանատվություն է կրել ֆինանսական գործառնությունների ճշգրիտ և օրենքին համապատասխան կատարելու համար։
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարն իրեն վերապահված գործառույթների իրականացման ընթացքում կատարել է առանձնապես խոշոր չափերի աշնանացան ցորենի սերմացուի և ազոտական պարարտանյութերի յուրացումներ, ինչպես նաև՝ կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնական փաստաթղթեր:
Մասնավորապես՝ աշնանացան ցորենի բաշխման գործընթացում Արտամետ համայնքի բնակիչներին հասանելիք սերմացուն առերևույթ հափշտակելու դիտավորությամբ համայնքի ղեկավարը 2013-2015թթ. ընթացքում մի շարք շահառուների տվյալները ձևականորեն ներառել է պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններիս չի հատկացվել, այլ հափշտակվել է՝ պետությանը պատճառելով 6 564 000 ՀՀ դրամի վնաս։
Որպեսզի սերմացու ցորենի հափշտակության հանգամանքը թաքցնի, համայքնի ղեկավարը կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բովանդակությամբ կեղծ ցուցակներ և ներկայացրել Արմավիրի մարզպետարան:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ստացած սերմացու ցորենի դիմաց համայնքի բնակիչների կողմից վճարված գումարը յուրացնելու վերաբերյալ. գյուղացիների վճարած գումարները համայնքի ղեկավարը չի մուտքագրել համայնքի բյուջե, չի փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արտամետ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 2 853 000 ՀՀ դրամը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: