Հետևողական աշխատանք. նոր իշխանությունը կկարողանա՞ շահել օտարերկրյա բիզնեսի վստահությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ Շվեյցարիա է մեկնել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար, աշխատանքային ճաշ է ունեցել տեղի գործարարների ու Շվեյցարիա-Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչների հետ: Այդ ճաշի ժամանակ Փաշինյանի ծավալուն ելույթի ասելիքի հիմնական նպատակն էլ մեկն էր. շվեյցարացի գործարարներին համոզելն է, որ գան, ներդրումներ անեն Հայաստանում: Փաշինյանը ներկայացրել է թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակը, ընդգծել, որ ՀՀ-ում հաղթել է ժողովրդավարությունը, ԱԺ արտահերթ ընտրություններն էլ ամրապնդել են այդ ժողովրդավարական նվաճումները, ՀՀ նոր իշխանությունն ունի աննախադեպ բարձր լեգիտիմություն ու հանրային աջակցություն: Նա խոսել է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարից, մենաշնորհները մերժելուց, իրավունքի գերակայությունից եւ տնտեսական դաշտի բոլոր խաղացողների համար հավասար կանոնների ստեղծման մասին: Կարճ ասած` Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը եւ հետագա զարգացումների տեսլականը` կոչ անելով. «Արդյոք պատրա՞ստ եք միանալ մեզ եւ ընկերակցել մեզ այս հետաքրքիր, բայց ոչ դյուրին ճանապարհին: Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկե՛ք ՀՀ, հարստացե՛ք եւ հարստացրե՛ք ուրիշներին»:

Հետաքրքիրն այն է, որ ընդամենը մեկ տարի առաջ էլ Դավոսի տնտեսական ֆորումին մասնակցելու համար Շվեյցարիա էր մեկնել այն ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա էլ նման հանդիպում էր ունեցել տեղի գործարարների հետ, հետո նաեւ տնտեսական ֆորումին մասնակցելու համար Շվեյցարիա ժամանած տարբեր պատվիրակությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ էր ունենում, կոչ անում Հայաստանում ներդրումներ անել: Նա էլ էր օտարերկրյա ներդրումների պաշտպանության երաշխիքներ տալիս: Բայց Կարապետյանի հանդիպումներն արդյունք չունեցան. ինչ-ինչ, բայց օտարերկրացիների համար էլ պարզ էր, որ նախկին իշխանությունները զուրկ են լեգիտիմությունից, չեն վայելում հասարակության աջակցությունը, երկրում թեւածում է կոռուպցիան ու կաշառակերությունը, մենաշնորհները, եւ, վերջապես, Կարեն Կարապետյանն ընդամենը ձեւական ֆիգուր էր, իսկ հիմնական ղեկը Սերժ Սարգսյանի ձեռքում է: ՈՒ, ամենակարեւորը, Կարապետյանն այդ ֆորումին զուգահեռ զբաղված էր իր ընտանիքին պատկանող բիզնեսի շահն առաջ տանելու գործով: Այնպես որ, նրան չհաջողվեց շահել օտարերկրյա բիզնեսմենների վստահությունը:

Իսկ հիմա իրավիճակը միանգամայն այլ է. ՀՀ-ում իրավիճակ է փոխվել, եւ կարող է այս ամենի արդյունքում ներդրումներն ավելանան: Մնում է` նոր իշխանությունը կարողանա շահել օտարերկրյա բիզնեսի վստահությունը, ինչպես հայ հասարակության վստահությունն է շահել: Բոլոր նախադրյալները կան, մնացել է միայն հետեւողական աշխատանքը:




Լրահոս