Իջեւան քաղաքի աղբահանության հիմնահարցը չի լուծվում: Այդ խնդրին նվիրված Իջեւանի երաժշտական դպրոցի դահլիճում հունվարի 25-ին կայացած քննարկմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը, Սամվել Ռուբենյանը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Իջեւանի աղբահանությունն իրականացնող կումունալ ծառայության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իջեւանի բնակիչներ: Քննարկման ժամանակ մտահոգություն հնչեց Աղստեւ գետն աղտոտելու, Իջեւան քաղաքի տարբեր հատվածներում կուտակված աղբակույտերի վերաբերյալ:
Քաղաքապետ Վարդան Ղալումյանը նշեց, որ անցած տարիներին նվազել է Աղստեւ գետն աղտոտող օրինախախտ տնտեսվարողների թիվը, պարբարաբար բացվում են Սպիտակ լիճ ջրամբարի փականները գետի հունը մաքրելու նպատակով: Նրա խոսքերով` կտրվում են Աղստեւի գետափին աճած ծառերը, սակայն անվտանգության նկատառումներով պահպանվում է դրանց արմատը շրջակա շինությունների հիմքը չխարխլելու համար: Աղբահանությունը նորմալ իրականացնելու համար խնդիր կա` մասնավոր, սեփական տարածքների հետ կապված, քանի որ դրանց տերերն իրենց տարածքում աղբամաններ չեն ուզում տեղադրել: Քննարկման մասնակիցները նշել են, որ Իջեւանի աղբահանության խնդիրները միայն Աղստեւ գետով չեն սահմանափակվում, հարկ է Տավուշի մարզկենտրոնի բոլոր հատվածները մաքուր պահել, բարձրացնել փողոցները ավլող հավաքարարների աշխատավարձը: Դա կարելի է անել համայնքի բյուջեով, այդ թվում` կոմունալ ծառայության տնօրենի տեղակալի հաստիքի հաշվին: