ՌԴ մասնագետները վերծանել են սև արկղը. մանրամասներ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի փորձաքննությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սեւ արկղը ուղարկվել է Ռուսաստան` փորձաքննության : Ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՌԴ մասնագետները տվել են սեւ արկղի ձայնային կարդիոգրաման:
Ինչպես հայտնի է, աղետի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի հատկանիշներով` թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթին փաստի առթիվ տարվող քննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, իրավապահները առգրավել էին դիսպետչերական կետի ձայնագրությունը, որտեղ առկա էր օդաչուների վերջին խոսակցությունը: Նախնական տվյալներով` մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին` ժամը 10.20-ի սահմաններում, Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ: Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում` պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառները: Մեզ հասած տեղեկություններով` նախաքննական մարմինը Պաշտպանության նախարարությունից վերցրել է դիսպետչերական կետի ձայնագրությունները, թե ինչ են խոսել օդաչուները դիսպետչերական կետի անձնակազմի հետ: Մեզ հայտնի է օդաչուների վերջին խոսակցությունը: Այդ օրը` 10:00-ի սահմաններում, օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի անձնակազմի հետ եւ հայտնել, թե եղանակային պայմանները լավը չեն: Ավելի ուշ կրկին օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետ եւ կրկնել, որ եղանակը շատ վատ է, եւ իրենք հետ են վերադառնում: Այս հայտարարությունից մի քանի րոպե անց դիսպետչերական կետը փորձել է կապ հաստատել օդաչուների հետ հասկանալու համար, թե ինչ որոշում կայացրին` հետ են վերադառնում, թե ոչ:

Սակայն վերջիններս որեւէ կերպ չեն երեւացել տեսադաշտում եւ, առհասարակ, կապի դուրս չեն եկել:
Ինչեւէ, այս հարցաքննությունների շարքը նախաքննական մարմնին որեւէ դրական տեղաշարժ չէր ապահովել վթարի իրական պատճառները հասկանալու համար: Դեռեւս 2018 թվականի դեկտեմբերի 13-ին գրել էինք, որ քննիչները, հաշվի առնելով, որ հայտնաբերված սեւ արկղը կա, բայց բավականին վնասված է, ՀՀ մասնագետները չեն կարող այն փորձաքննության ենթարկել, որոշում են կայացրել այն ՌԴ ուղարկելու մասին: Այսպիսով, արկղը ուղարկվել է ՌԴ, եւ ՀՀ մասնագետները ՌԴ մասնագետների հետ քննության են ենթարկել այն: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` զարմանալի արագությամբ ՌԴ մասնագետները սեւ արկղը ենթարկել են փորձաքննության եւ արկղի դետալներից մեկի մասով Պաշտպանության նախարարությանն են ուղարկել ինքնաթիռի ձայնային կարդիոգրաման: Նրանք ներկայացրել են խոսակցության բովանդակությունը, թե ինչպես է ինքնաթիռը իջնում, բարձրանում, ինչ են խոսում ինքնաթիռում գտնվող օդաչուները: Ըստ էության, ՊՆ-ում կուսումնասիրեն այն եւ նոր կտրամադրեն նախաքննական մարմնին: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` ՌԴ մասնագետները դեռեւս չեն ուղարկել ՀՀ իրավապահներին սեւ արկղի հիմնական հարցի պատասպանը. ինչո՞ւ է ինքնաթիռը վթարի ենթարկվել:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը գործի քննության ընթացքի մասին փորձեց տեղեկանալ ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «ՍՈՒ 25 ինքնաթիռի թռիչքից առաջ` նախաթռիչքային սպասարկման ժամանակ, վառելիքի մաքրությունը ստուգելու նպատակով վերցվել է փորձանմուշ, որը նույն օրը առգրավվել է: Առգրավված վառելիքի նմուշով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Ստացված եզրակացության համաձայն` նմուշի փորձաքննությամբ պարզվել է, որ սառեցման ջերմաստիճանի, մեխանիկական խառնուկների ջրի, մասազտիչ կազմի, բռնկման ջերմաստիճանի, ընդհանուր ծծմբի զանգվածային բաժնի եւ խտության ցուցանիշներով համապատասխանում է ռեակտիվ շարժիչի վառելիքին ներկայացվող պահանջներին»:

Քնար Մանուկյան




Լրահոս