Այսօր հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Ի թիվս այլ հարցերի, առանձին ենթագլխով ներկայացված է կրթության եւ գիտության ոլորտում անցկացվելիք միջոցառումները: ArmLur.am-ը ներկայացնում է այդ հատվածը.
Գիտության ոլորտում անհրաժեշտ է՝
1) բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին,
2) Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, երկրի տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն ամիջականորեն նպաստող,
3) ստեղծել գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցության կենտրոններ՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտում,
4) սերտացնել կրթություն-գիտություն կապը՝ նպաստելով բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ցանցերի ձևավորմանը՝ ըստ գիտական գործունեության բնագավառների և ապահովելով ուսանողների տեղաշարժը ցանցի մաս կազմող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում,
5) գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմներ,
6) ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։
Կառավարության կողմից նշված նպատակներին հասնելու համար կարևոր է լինելու կրթական և գիտական ծրագրերի շարունակականության ապահովումը, կրթական և գիտական ծառայությունների բովանդակության և ծրագրերի՝ շուկայի, հասարակության և պետության պահանջարկին համաժամանակեցումը:
Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝
1) բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնմանը, արդյունավետ կառավարման, հավասարակշռված հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծմանը,
2) բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավմանը, բարձրագույն կրթության մեջ հետազոտական բաղադրիչի շարունակական մեծացմանը,
3) կրթական ծրագրերի բովանդակության և կառուցվածքի վերանայմանը՝ ուղղելով դեպի ուսումնառության վերջնարդյունքները՝ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) պահանջներին համապատասխան,
4) ուսանողի անհատական կրթական հետագծի ապահովմանը՝ կրթական ծրագրերի ճկուն կառուցվածքի ներմուծմամբ,
5) բարձրագույն կրթության միջազգայնացմանը, շարժունության հնարավորությունների ընդլայնմանը,
6) եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ուղղությունների և սկզբունքների իրականացմանը,
7) բարձրագույն կրթության ֆինանսավորման աստիճանական ավելացմանը, ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը՝ զուգընթաց վերանայելով ուսումնական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցների սկզբունքները, ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը, ուսումնական հաստատության գործունեության արդյունավետության ցուցանիշները:
Հանրակրթության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝
1) բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023թ. 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի,
2) ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ,
3) ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ,
4) ապահովել բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով,
5) անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում մինչև 2023թ.,
6) նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը և վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Վերանայել ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների և օտար լեզուների բովանդակությունը, դասավանդման մոտեցումները:
Մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու՝
1) կրթական ծրագրերի արդիականացմանը` ուղղված տնտեսության և աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին,
2) նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթության և ուսուցման որակը բարձրացնելու համար գործատուների ակտիվ ներգրավմամբ ներդնել և ընդլայնել դուալ կրթական համակարգը՝ հաշվի առնելով տարածքային զարգացման գերակայությունները։