«Սա մեր ամոթն է և պատվախնդրության ու խղճի փորձաքարը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արձակագիր, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հացադուլի հարցով կոչով դիմել է արվեստագետներին:

Հայտարարությունում ասվում է. «Հայաստանի գրողների, թատերական գործիչների, ժուռնալիստների, կինեմատոգրաֆիստների, կոմպոզիտորների, նկարիչների, ճարտարապետների միությունների նախագահներին, մշակույթի գործիչներին.

Հարգելի գործընկերներ,

մեկ շաբաթից ավելի է, ինչ հացադուլի մեջ է ռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը: Ստեղծագործող մարդու կյանքը վտանգված է:

Չխորանալով հանրահայտ մանրամասների մեջ` հարկ եմ համարում միայն նշել, որ մենք իրավունք չունենք կողքից նայելու նմանօրինակ իրավիճակին, որը կարող է հանգեցնել ողբերգության: Սա մեր ամոթն է եւ պատվախնդրության ու խղճի փորձաքարը:

Ուստի, կոչ եմ անում եւ խոնարհաբար խնդրում եմ՝

  1. Այսօր իսկ, ստեղծագործական միությունների ղեկավարների, մշակույթի գործիչների կազմով այցելել հացադուլի մեջ գտնվող մեր գործընկերոջը՝ հորդորելով դուրս գալ հացադուլից:
  2.  Քննարկել եւ գրավոր կերպով մեր ձայնը բարձրացնել ստեղծված թնջուկի ողջամիտ ժամկետում իրավական լուծում տալու համար:

Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը. սա կինոռեժիսորի արդեն երկրորդ հացադուլն է։ Առաջին հացադուլը դեկտեմբերի 2-ից 12-ն էր։ Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպելուց եւ երաշխիքներ ստանալուց հետո, կինոռեժիսորը դադարեցրեց հացադուլը, սակայն խնդրին, նրա խոսքով, այդպես էլ լուծում չտրվեց։




Լրահոս