Վարդենիս-Երևան մայրուղին առավոտից փակ է. մի խումբ վարդենիսցիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականի պահանջով: ArmLur.am-ի տեղեկություններով` պատճառը մարզպետի կողմից խտրական վերաբերմունքի դրսևորումն է:
Բանն այն է, որ բնակիչները բողոքում են, թե քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանին աջակցում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Եվ այս հանգամանքը, ըստ նույն լուրերի, խոչընդոտ է հանդիսանում մյուս թեկնածուների համար:
Այսօրվա բողոքի ակցիան, մասնավորապես, անց են կացնում քաղաքապետի թեկնածու Գևորգ Սիմոնայնը և նրա աջակիցները: Վարդենիսցիները վստահեցնում են, որ Արամ Մելքոնյանն իրեն արտոնյալի պես է պահում, խանգարում քարոզարշավի բնականոն ընթացքին:
Այս պահին ակցիայի մասնակիցները պահանջում են մարզպետի հրաժարականը, ի նշան որի` փակ են բազմաթիվ փողոցներ, Վարդենիս-Երևան ավտոճանապարհը:
Ի դեպ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն ու մարզպետը համակուրսեցիներ են: