Համայնքապետերից շատերին առաջիկայում շատ ծանր օրեր են սպասվում. խաղի նոր կանոններ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքապետերից շատերին առաջիկայում շատ ծանր օրեր են սպասվում. խոսքը նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչների մասին է, որոնք ժամանակին ընտրվել են ընտրակեղծիքներով, նաեւ համապետական ընտրություններում են ակտիվ դերակատարություն ունեցել ընտրակեղծարարության «սուրբ» գործում` որպես փոխհատուցում ստանալով իրենց պաշտոնը հարստացման նպատակով անխնա օգտագործելու հնարավորություն:

Թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խաղի միանգամայն նոր կանոններ է սահմանում: Երեկ` պետություն-համայնք համագործակցությանը նվիրված համաժողովի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն այս առումով ուշագրավ էր: Նա շեշտել է, որ պետական ծառայությունը ոչ միայն կառավարության անդամների, պատգամավորների, այլեւ համայնքի ղեկավարների կողմից չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն, իսկ համայնքում ամենահաջողակը չի կարող լինել համայնքապետի սեփական բինզեսը: Փաշինյանը նաեւ նշեց. «Մենք շանս ենք տվել եւ շանս ենք տալիս շատերին, գուցե բոլորին, եւ ովքեր չեն օգտվի այդ շանսից փոխվող իրականությանը զուգընթաց, ուրեմն այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Հայաստանում` գյուղապետարաններում, 25 կիլոմետրանոց հաստիքացուցակ է՝ եղբայր, եղբոր կին, հորեղբայր, հորեղբոր տղա, հորեղբոր տղու ընկեր․․․»: Եթե անկեղծ, վարչապետի այս հայտարարությունների փոխարեն ավելի լավ կլիներ, եթե հնչեր համապատասխան համայնքապետերի դեմ հարուցված քրեական գործերի մասին վիճակագրությունը. ի վերջո, թավշյա հեղափոխությանը հաջորդած այս 9 ամիսերի ընթացքում վարչապետը բազմիցս է նախազգուշացրել՝ հայտարարելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ու եթե ոմանք այս ընթացքում հետեւություններ չեն արել, ապա իրենց գործն է:

Մինչ այդ մեկ փաստ էլ. ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ անդրադարձել է որոշ համայքների ոչ լեգիտիմ համայնքապետերի պաշտոնավարման շարունակությանը` ընդգծելով, որ ՏԻՄ մասին օրենքում փոփոխությունների ուղղությամբ քննարկումներ են ընթանում. «Համայնքի բնակչի ձայնը լսելի դարձնելու հիմքում պետք է դրվի հանրաքվեի ինստիտուտը: Համայնքը պետք է արտահայտվի՝ կողմ է տվյալ համայնքապետի գործունեությանը, թե ոչ. սա վերաբերում է խնդրահարույց համայնքներին»:
Նկատենք, որ հանրաքվեի ինստիտուտին հղումը պատահական չէ, այն ամրագրված է ՀՀ նոր սահմնադրության մեջ, սահմանադրության, որը կեղծիքներով ընդունելու հարցում մեծ դերակատարություն ունեն հենց այդ համայնքապետերը. չէ՞ որ մեծ քաղաքներում 2015թ. «Ոչ»-ը հաղթել էր, եւ սահմանադրությունն անցկացվեց գյուղերում կատարված ընտրակեղծիքների շնորհիվ:




Լրահոս