Ոստիկանությունն անցել է կանխարգելման գործընթացի. ինչ են զգուշացնում քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երեւան քաղաքի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել ամփոփելու 2018թ. Երեւան քաղաքի դատախազության եւ Երեւանի վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքներն ու խնդիրները: Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաեւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը, քննարկվել են մայրաքաղաքում հանցավորության վիճակին առնչվող հարցեր:

Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանն անդրադարձել է հատկապես հանցագործությունների բացահայտման, մայրաքաղաքի քրեական հետապնդման մարմինների կատարված աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրներին, ձեռքբերումներին եւ արձանագրված թերություններին:

Նախորդ տարվա համար մտահոգիչ աճ է արձանագրվել մայրաքաղաքում բնակարանային գողության դեպքերի մասով: Արձանագրվել է 801 նմանատիպ դեպք` նախորդ տարվա 441-ի դիմաց, աճը կազմել է 81.6%: Դրան զուգահեռ շարունակվում է տարեցտարի նկատվող բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշների նվազման միտումը` 2018թ. կազմելով ընդամենը 9.5 տոկոս:

Հատկապես մայրաքաղաքում այս հանցատեսակի դեմ մղվող պայքարը գնահատելով խիստ անբավարար` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է «քարտեզագրել» բնակարանային գողությունների համար մայրաքաղաքի ամենառիսկային գոտիները, հսկողության տակ առնել հանցագործների` այդ հատվածներ ելումուտի այլընտրանքային բոլոր երթուղիները եւ վարչական շրջանների, համատիրությունների գործուն մասնակցությամբ գործնական միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերն անվտանգությունն ապահովող սարքերով կահավորելու ուղղությամբ: Արթուր Դավթյանը խնդիր է դրել բնակարանային գողությանը վերաբերող գործերով քննությունները վերապահել բացառապես փորձառու քննիչներին եւ դատախազներին, ինչպես նաեւ յուրաքանչյուր դեպքի քննության ընթացքում ավելի վաղ կատարված այլ գողության մասին փաստական տվյալներ ստանալիս պարտադիր քննության առարկա դարձնել` որքանով են այն ժամանակ քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունները կատարվել լիարժեք, որպեսզի նոր դեպքի բացահայտման դեպքում բավարար ապացուցողական բազա ապահովվի նաեւ նախկին գողության կատարման մեջ անձի մեղավորությունը հիմնավորելու համար: Եվ բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ այդ ուղղությամբ անհետաձգելի գործողությունները կատարվել են բացթողումներով ու թերություններով, տալ համապատասխան իրավական գնահատականներ:

Ամփոփման արդյունքներից ելնելով` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տվել է քննարկված խնդիրների եւ դրանց շրջանակում դատախազական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը միտված կոնկրետ հանձնարարություններ:

Փաստորեն, համաներումից հետո անգամ իրավապահ մարմիններն են ահազանգում, որ հափշտակությունների դեպքերը շատացել են եւ իրավապահները կանգնել են խնդրի առաջ: Սա այլեւս գաղտնիք չէ ոչ ոքի համար: Բանը հասել է այնտեղ, որ իրավապահ մարմինները կանխարգելիչ միջացառումների են անցել հնարավոր գողության դեպքերը կանխելու համար: Մասնավորապես, այս օրերին տարբեր համայնքային ոստիկաններ այցելում են իրենց համայնքներում գտնվող կրպակներ, դեղատներ, ինչպես նաեւ բնակարաններ եւ քաղաքացիներին զգուշացնում են, որ բավականին շատացել են գողության, տարբեր օբյեկտների վրա ավազակային հարձակման դեպքերը: Հանդիպման ընթացքում վերջիններս հետաքրքրվում են, թե արդյոք, օրինակ, կրպակի, դեղատան անվտանգությունը ապահովված է, ինչ կազմակերպության են դիմել անվտանգության ապահովվման համար եւ նման այլ հարցեր: Հանդիպումից հետո վերջիններս քաղաքացիներին հորդորում են հնարավոր քայլեր ձեռնարկել անվտանգության ապահովվան համար` տեսախցիկներ տեղադրել, անվտանգությունը ապահովող անձանց ներգրավել եւ այլն: Ի դեպ, բնակիչները, տարբեր սպասարկման կենտրոնների աշխատակիցները անհանգստացել են, թե ինչով է պայմանավորված այս հանդիպումները: Իրավապահները հայտնել են, որ մտահոգվելու կարիք չկա, սակայն հաշվի առնելով փաստը, որ վերջին շրջանում շատացել են տարբեր օբյեկտներ վրա գողության նպատակով հարձակման դեպքերը, իրենք իրազեկում են մարդկանց լինել զգոն:

Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս օրերին իրավապահների այդ կանխարգելիչ միջացառումների պատճառներից մեկն էլ այն է, որ իրավապահները դուրս են եկել մի հետքի վրա, որ հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն կատարողների հանցախումբ է գործում, ուստի նրանց հետագա գործողությունները կանխելու եւ բանդան բացահայտելու համար առաջին փուլում պետք է մարդկանց իրազեկել, որ հնարավորինս ուշադիր լինեն իրենց բնակարանների եւ սպասարկման կենտրոնների նկատմամբ:

Քնար Մանուկյան




Լրահոս