Աշոցքի 11 գյուղական բնակավայրում 12 ընտրական տեղամասերի ձայների հաշվարկից հետո հայտնի են Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախնական տվյալները: Ըստ այդմ` 1280 քվե ստացել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մանուկյանը, որը հայտնի է «Շըխկ» մականունով: Աշոցքի երկու տեղամասում ձայների մեծամասնությունը համայնքի նախկին ղեկավար Արթուր Ալոյանինն էր, որն էլ հայտնի է «Կդե» մականունով: Իսկ գյուղական բնակավայրերում Կարեն Մանուկյանն է հաղթել, որը ծնունդով Սեպասարից է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Ըստ նախնական տվյալների` 5708 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 3287-ը՝ ընտրողների 57 տոկոսը:
Ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են համեմատաբար հանգիստ։ Հիմնական աշխատանքը ձայներ ապահովելու ուղղությամբ կատարվել էր նախորդ օրերի ընթացքում։ Համայնքի ղեկավարումը ստանձնելու ցանկություն հայտնած 7 թեկնածուն էլ, ընկած դռնեդուռ, ձայներ են որոնել, բայց աշոցքցիներն էլ ծանր վիճակում են հայտնվել. 7 թեկնածուն էլ Աշոցքից էին, ու ընտրողը շիվարել է` չիմանալով` ինչպես է քվեարկելու, ում է նեղացնելու։
Ըստ շրջանառվող լուրերի` գործին խառնվել է Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` ընտրության նախորդ օրերին վերջինս եղել է Աշոցքում ու փորձել ձայներ ապահովել ընկերոջ՝ Կարեն Մանուկյանի համար: Սա, թերեւս, պատահական չէ. ԱԺ ընտրություններում էլ Մանուկյանը շատ լավ աշխատել էր` բավարար ձայներ ապահովելով Կ. Սարուխանյանի համար։
Աշոցք համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Մանուկյանի համար աշխատել է ՔՊ-ի Շիրակի մարզի ամբողջ թիմը։ Օրինակ` գյուղական բնակավայրերում ընտրական տեղամասերի հանձնաժողովները նախագահում էին Կ. Սարուխանյանի թիմակիցները՝ էմմա Պալյանը, Սերգեյ Տոնոյանը, Կարապետ Մխչյանը։ Նրանք ուշի-ուշով հետեւել են, որ մյուս թեկնածուների ներկայացուցիչները ավելորդ «խաղեր չտան»։ Հենց նրանց վստահված տարածքներում էլ Կ. Մանուկյանը հավաքել է առավելագույն ձայներ։ Իսկ Աշոցք համայնքում` երկու տեղամասում էլ Արթուր Ալոյանն է առավելագույն ձայներ հավաքել։ Ստացվում է` Կ. Մանուկյանը հաղթանակը առավել թիմային է։
Շիրակի մարզի Հառիճ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանը՝ ստանալով 361 ձայն: Հառիճում այդ պաշտոնի համար պայքարում էր 2 թեկնածու՝ համայնքի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը եւ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի ուսուցիչ, անկուսակցական Բակուր Հովհաննիսյանը, որն ստացել է 200 ձայն։ Հառիճի ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 868-ն է, որից ընտրության մասնակցել է 574-ը։
Հեղինե Մանուկյան
Գյումրի