Փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման արդյունքներով երկու պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2019 թ․ ծրագիրը։
Քննարկումների արդյունքները Դավիթ Տոնոյանը և Լևան Իզորիան ամփոփել են լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Երկու պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունները և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Արժևորվել է նաև ռազմական կրթության և բժշկության, արհեստավարժ սերժանտական համակարգի, մարդու իրավունքների և բարեվարքության ոլորտներում Հայաստանի և Վրաստանի միջև առաջավոր փորձի փոխանակումը, բարձրաստիճան փոխայցելությունների շարունակականությունը:
Անդրադառնալով միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված առաքելություններին երկու պետությունների ներդրմանը` Լևան Իզորիան հույս է հայտնել, որ հայկական և վրացական ստորաբաժանումները կշարունակեն իրենց համատեղ մասնակցությունը բազմազգ ձևաչափով անցկացվող զորավարժություններին: Իր հերթին Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակութային և բազում այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար և հավաստիացրել, որ երկու պետությունները փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվություններն ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները:
Այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Մատենադարանում` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: