ՀԱՐՑ. Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ. ուզում եմ տեղեկանալ, թե երբ կարող եմ անժամկետ հաշմանդամության կարգ ստանալ:
Սամվել Այվազյան (ք. Երեւան, Կոնդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Կառավարության 13.06.2003 թվականի «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N780-Ն որոշման 31-րդ կետի` հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ
1. օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
2. վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետեւանք են անատոմիական արատով, անդառնալի կառուցվածքային փոփոխություններով, օրգանիզմի օրգանների կամ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
3. իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ 2 եւ 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 եւ 3 հավելվածների,
4. մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա․ Մինասյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում եւս օրենքի այնպիսի սահմանափակումներ են սահմանված, որ շատ քչերին է «հաջողվում» ձեռք բերել անժամկետ հաշմանդամություն: Իհարկե, ցավալի է, որ մարդիկ ապրում են այնպիսի պայմաններում, որ ստիպված են լինում կառչել հաշմանդամության համար տրամադրվող թոշակի չնչին գումարից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: