Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը փորձում է զգուշորեն, բայց առաջ մղել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Պատահական չէ, որ խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ եւս մեկ հանդիպում կազմակերպելու մասին` միաժամանակ՝ օրակարգում ունենալով նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպում կազմակերպելու հարցը:
Երեկ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային վերջին այցի ընթացքում քննարկվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման կազմակերպման հարցը` միաժամանակ նշելով, որ հանդիպման հստակ վայրը եւ ժամկետները դեռ հստակեցված չեն: Նա նաեւ տեղեկացրել է, որ «Ընթանում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպման համար տարվող նախապատրաստական աշխատանքները»:
ՀՀ ԱԳՆ-ից էլ այս կապակցությամբ ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են Ադրբեջանի հայտարարությունը՝ հղում կատարելով ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին հայտարարությանը, որտեղ նշվում է, որ նախապատրաստվում է ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։
Ակնհայտ է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ թեեւ միջազգային հանրությունը փորձում է քայլեր անել, սակայն մոտ ապագայում այն հազիվ թե տեղի ունենա: Լավագույն դեպքում ընդհանուր միջոցառումների ժամանակ Փաշինյանն ու Ալիեւը բաց չեն թողնի քննարկումների հնարավորությունը, նաեւ ԱԳ նախարարները կքննարկեն հարցերը, բայց պաշտոնապես՝ բանակցային գործընթացի մեկնարկը երկու երկրների առաջնորդների մակարդակով դեռ չի տրվի:
Պատճառներից մեկն էլ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու Փաշինյանի հանձնառությունն է, որն, ի դեպ, միանգամայն լեգիտիմ պահանջ է: Բավական է հիշել, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել դեռ ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում ու 1995թ. Պրահյան պարզաբանման մեջ: Եւ այս փաստաթղթերը որեւէ մեկը դեռեւս չեղյալ չի ճանաչել:
Այնպես որ, բանակցային սեղան վերադարձը եւ հակամարտության կարգավորման քննարկվող փաստաթուղթը երեք մայրաքաղաքներ ուղարկելն ու հավասարապես նրանց ձայնի իրավունք տալը այլընտրանք չունեն: Մնում է դիվանագիտական կարողություններն օգտագործել այս ուղղությամբ: