Նոր փուլ ՀՀ-ՌԴ հարաբերություններում. ինչ է ակնարկել Դաշնության խորհրդի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` փետրվարի 25-27-ը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ: Երեկվանից սկսած պատվիրակության անդամներ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը և Անուշ Բեղլոյանը բազմաթիվ հանդիպումներ են ունեցել: Այս այցը հետաքրքիր է նրանով, որ սա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջին գործուղումն է եւ դա էլ հետաքրքիր է, որ նա գործուղվում է հենց ՌԴ եւ այն էլ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով:

Ընդ որում, երեկ Մատվիենկոն իր ելույթում ևս կարևոր է այն փաստը, որ ՀՀ ԱԺ նախագահն առաջին այցը հենց ՌԴ է արել: Ընդ որում, Մատվիենկոն նաև ընդգծել է, որ փետրվարի 27-ին Դաշնության խորհրդի լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի նախագահի սպասվող ելույթը բացառիկ բնույթ ունի:

Իհարկե, այսպիսի այցերը կարևոր են նաև այն տեսանկյունից, թե հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ մինչեւ այւժմ ինչպիսի մտահոգություններ են եղել: Սակայն երեկ անձամբ Մատվիենկոն է արձանագրել, որ այս փուլում երկրների հարաբերություններն իսկապես լավ են: «Մենք դուրս ենք եկել համագործակցության նոր մակարդակի: Հույս ունեմ, որ դա կպահպանվի, ինչպես նաև համագործակցության նոր ֆորմատ և մոտեցումներ կգտնվեն», – նշեց նա:

Մենք տեղեկացանք, որ ռուսական պատվիրակությունը ևս մեծ է եղել եւ հանդիպումներին մասնակցել են նաև Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, նրա առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը և այլ հանձնաժողովների անդամներ:

Հիշեցնենք, որ առհասարակ վերջին շրջանում կարծես թե ակտիվացել են ՀՀ և ՌԴ պաշտոնյաների հանդիպումները: Օրեր առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էր մեկ ամբողջ օր Աժ-ում անցկացրել` հանդիպելով բոլոր մշտական հանձնաժողովների ղեկավարներին, իսկ դրանից առաջ էլ մի ամբողջ պատվիրակություն էր ժամանել Հայաստան եւ կրկին ակտիվ հանդիպումներ ունեցել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս