Մինչև մարտի վերջ կունենանք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանը հայտնեց, որ հայկական կողմը ԵՄ-ին ներկայացրել է փաստաթուղթն անցյալ տարվա վերջին և այն մինչև այժմ վերլուծության է ենթարկվել համապատասխան ծառայությունների կողմից:
Սվիտալսկին այն գնահատեց որպես սա համապարփակ և տպավորիչ փաստաթուղթ, որը պարունակում է հարյուրավոր գործնական միջոցառումներ: «ԵՄ-ն պատրաստում է աջակցության կոնկրետ փաթեթ՝ այս ճանապարհային քարտեզի իրագործման գործընթացի համար, և բարեկամական մթնոլորտում քննարկում ենք աջակցության տարբեր ձևաչափերը: Քննարկում ենք այս պահին բարձր մակարդակի խորհրդատուների ներգրավման հարցը ԵՄ տարբեր անդամ պետություններից, ինչը կօգնի ՀՀ-ին աջակցել, այսպես կոչված, տարբեր ոլորտային խնդիրների կարգավորման գործում համաձայնագրի շրջանակում»,- հայտնեց Սվիտալսկին: