ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան պաշտոնական այցի ժամանակ անդրադարձավ երկու երկրների միջեւ էներգետիկ համագործակցության հեռանկարներին:
Նա հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Վարչապետի այս հայտարարություններին կառավարության երեկվա նիստից հետո անդրադարձել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` նշելով, թե ՀՀ-ի՝ իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքն արդյունավետ օգտագործելու համար: «Կարծում եմ՝ կան չօգտագործված ծավալներ։
Այսօր եղած հզորությունները թույլ են տալու կրկնապատկել քանակները»,- ասել է նախարարը: Հարցին՝ տեխնիկապես Իրան-ՀՀ գազամուղի խողովակաշարը թույլ կտա՞, որ ՀՀ-ն էականորեն ավելացնի Իրանից ներմուծվող գազի ծավալները, նա պատասխանել է. «Այո։ Որքան տեղյակ եմ, պոտենցիալի կեսն է օգտագործվում կամ ավելի պակաս»։
Եթե հաջողվի իրագործել այս ծրագիրն, ու Հայաստանը դառնա իրանական գազի համար տարանցիկ երկիր, դրանից մեր երկիրը մեծապես կշահի: Սակայն այս ծրագրի իրագործումն այնքան էլ հեշտ չէ. այդ ամենը կապված է աշխարհաքաղաքական խնդիրների հետ:
Մասնավորապես, 2018թ. մայիսից ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները, այդ թվում` երկրորդական, այսինքն` Իրանի հետ գործարար հարաբերություններ ունեցող այլ երկրների նկատմամբ: Սա նշանակում է, որ հեշտ չի լինելու էներգետիկ խոշոր ծրագրի շրջանակներում Իրանի հետ համագործակցությունը: Միաժամանակ, սակայն, Արեւմուտքը լռելյայն աչք է փակել հայ-իրանական սերտ հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, Իրանի հետ անմիջական սահմանը, Հայաստանի` հարեւան մյուս երկու պետությունների` Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից մոտ երեք տասնամյակ շրջափակման ենթարկվելը:
Ու դժվար է ասել՝ Արեւմուտքն ինչպես կընդունի այդ մասշտաբների ծրագրերի շուրջ համագործակցությունը: Մյուս կողմից` ակնհայտ է, որ իրանական գազը ռուսական գազին կարող է լուրջ այլընտրանք լինել, ավելին՝ ժամանակին հենց ռուսական կողմի միջամտության հետեւանքով ՀՀ-Իրան գազամուղը կառուցվեց նախատեսվածից փոքր տրամագծով: Այնպես որ, դեռ հարց է՝ ռուսական կողմն ինչպես կընդունի սա, եւ արդյոք չի փորձի իր հերթին խանգարել ծրագրի իրականացմանը:
Բայց, ամեն դեպքում, փաստ է, որ, ի տարբերություն նախորդ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանը միջազգային ասպարեզում կարող է իր ինքնուրույնությունը դրսեւորել` առաջ տանելով Հայաստանի շահը: