Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի փետրվարի 28-ի որոշմամբ` այսօր աշխատանքից ազատվել է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը: Մարզպետի որոշմամբ լուծվել է տնօրենի հետ 2017 թվականի փետրվարի մեկին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Դեռ նախորդ տարվա ամռանը Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում եւ դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում եւ չեն մասնակցում դասապրոցեսներին:
Դրա հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թվով 12 բնակիչներ՝ տարբեր ժամանակահատվածներում իրենց ծնողների դիմումների հիման վրա ընդունվել են նշված դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տեւական ժամանակ, որոշ դեպքերում՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, այսինքն որեւէ դասապրոցեսի չեն մասնակցել:
Մինչդեռ, դպրոցի տնօրենը, նշված փաստերն արձանագրելու ու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք տալու փոխարեն, ուսուցիչների միջոցով, ինչպես նաեւ անձամբ, դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել վերը թվարկված աշակերտների՝ դասապրոցեսներին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամերին բացակայելու վերաբերյալ: Այդ գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, քանի որ նշված աշակերտների թվաքանակով դպրոցը ստացել է ֆինանսավորում: