2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո շատ է խոսվել խորհրդարանում ընդդիմության բացակայության եւ այն մասին, որ իրական ընդդիմությունը ձեւավորվելու է ԱԺ պատերից դուրս: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ միավորողի դերը փորձում է ստանձնել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որի անդամները հանդիպումներ են նախատեսել խորհրդարան չանցած մի քանի ուժերի հետ: Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ նման մի հանդիպում արդեն եղել է «Քաղաքացու որոշում» կուսակցության հետ:
Ծրագրված է նաեւ հանդիպել ՀՅԴ-ին: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որը մեր հարցին խուսափողական պատասխանեց` նշելով, թե դեռեւս Գերագույն մարմինը հանդիպում չի ունեցել, սակայն, միեւնույն ժամանակ, չբացառեց այդ հնարավորությունը: Իսկ, ահա, ՔՈ-ի ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, սակայն ընդգծեց, որ ինքը միայնակ է հանդիպել, ոչ կուսակցության անունից, եւ այդ հանիպմանը ՔՈ կուսակցությունը չի ներկայացրել: Հավելենք, որ ՀՅԴ-ականներին հանդիպելու առաջարկը եղել է հենց «Լուսավոր Հայաստան»-ի կողմից: