ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են պետական մրցանակները, ինչպես նաեւ դրանք շնորհելու եւ հանձնելու հետ կապված հարցերը: Եվ առաջարկվող փոփոխություններով կրկին բախվում ենք մի իրավիճակի, երբ վարչապետի լիազորություններին եւս մեկն է ավելանում` ըստ էության ամրապնդելով սուպերվարչապետական համակարգը:
Նախ նշենք, որ պետական մրցանակների հետ կապված հարցերն այժմ կարգավորվում են Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ: Եվ նախարարության կողմից փոփոխություն անելու հիմնավորումների մեջ նաեւ նշված է այն հանգամանքը, որ այդ որոշմամբ մի շարք հարցերի կարգավորումը դրված է Կառավարության վրա, որը հիմնավորմամբ անհարկի ծանրաբեռնում է կառավարության գործունեությունը եւ աննպատակահարմար է: Այդ գործառույթներից է նաեւ պետական մրցանակ շնորհելու մասին որոշումը ընդունելը:
Եվ ելնելով դրանից էլ` որոշում է կայացվել օրենք ունենալ եւ վարչապետին վերապահել պետական մրցանակներ շնորհելու լիազորությունը: Այսինքն` այս փոփոխությամբ, ի թիվս այլ բազում լիազորությունների, վարչապետին վերապահվում է եւս մեկը` պետական մրցանակներ շնորհելու մասին որոշում կայացնելը:
Նկատենք, որ օրենքի նախագծում բավականին հետաքրքիր կարգավորումներ կան: Օրինակ` օրինագծով սահմանված է, որ վարչապետն ու կառավարության այլ անդամներն իրենց պաշտոնավարման ընթացքում, ինչպես նաեւ պետական մրցանակի մրցանակակիր ընտրող հանձնաժողովի անդամները չեն կարող արժանանալ պետական մրցանակների: Այլ կերպ ասած` այսպես փակվում է ինքնապարգեւատրումների պրակտիկան, որ լայնորեն կիրառվում էր նախկին իշխանությունների օրոք: Հիշում եք` Սերժ Սարգսյանն ինչպես էր պետական մրցանակներ բաշխում իր հպատակ իշխանավորներին:
Մեկ այլ հոդվածում ասվում է. «ՀՀ պետական մրցանակները շնորհում է վարչապետը` համապատասխան որոշմամբ, որում նշվում է նաեւ դրամական պարգեւի չափը եւ մրցանակը հանձնող կառավարության անդամը, եթե մրցանակը չի հանձնվելու վարչապետի կողմից»:
Այս նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից` շրջանառության մեջ դրվելով նախագծերի հրապարակման միասնական կայքում: Այս պահի դրությամբ նախագծի վերաբերյալ որեւէ առաջարկություն ներկայացված չէ եւ համապատասխան ընթացակարգերից հետո այն կքննարկվի կառավարության նիստում, ապա կներկայացվի խորհրդարանին:
Նաիրա Հովհաննիսյան