Հայկական օրգանական թեյն արդեն վաճառվում է Գերմանիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող ‹‹Օրգանական գյուղատնտեսության զարգացման›› ծրագրի շրջանակում 2018թ.-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն արտահանված հայկական «Սարի թեյ» ընկերության բուսական թեյերն արդեն վաճառվում են գերմանական TeeGschwendner ընկերության օնլայն հարթակում և խանութների ցանցում:

Այս տարի BIOFACH միջազգային օրգանական սնունդ արտադրողների ցուցահանդեսի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքում նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել արտահանումը շարունակելու և արտահանվող արտադրանքի ծավալները մեծացնելու ուղղությամբ:

Հայաստանում «Oրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն 2015թ․-ից իրականացվում է Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU Հայաստան) համագործակցությամբ, որի արդյունքում նախապես հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավորություն են ստանում ձեռք բերել օրգանական սնունդ արտադրողի հավաստագիր և անհամեմատ մեծացնել արտահանման հեռանկարները:

Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկը և NABU-ն շարունակելու են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» անվճար ծրագիրը: 2019-2020թթ․ ծրագրի մեկնարկի մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի պաշտոնական կայքէջին՝ www.acba.am:




Լրահոս