Սիրիայում մարտի 7-ին մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահարի հետևանքով վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը:
«Նա ներկայումս գտնվում է Հալեպի մոտակայքում գտնվող հոսպիտալում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան»,- ասաց Էլբակյանը:
Ավելի վաղ, հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացրել էր, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:
Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել էր հոսպիտալ և վիրահատվել: