Դիվանագետի օրվա առթիվ երեկ կազմակերպված ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի շեշտադրումները բավական սուր էին: Նա շատ նրբորեն հիշեցրել է, որ դիվանագիտական կորպուսի մի մասն, այնուամենայնիվ, թավշյա հեղափոխության մասնակից չի եղել, այսինքն՝ միջազգային հանրությանը պատշաճ կերպով չեն ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները:
«Վարչապետ ընտրվելով` հենց առաջին օրվանից ես առաջնորդվել եմ այն կանխավարկածով, որ դիվանագետները, դիվանագիտական համակարգը մեր երկրում ամենակայացած պետական համակարգերից է, եւ մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի համակարգն իր կայունությունը, բնականոն գործունեությունն ապահովի: Այս պայմաններում, բնականաբար, ակնկալում եմ, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները, ընդհանրապես ողջ դիվանագիտական համակարգը պատշաճ ձեւով ամբողջ աշխարհում ներկայացնի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, եւ համոզված եմ, որ պատշաճ մակարդակով համակարգը կծառայի Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին: Եւ բոլոր դիվանագետները, որոնք բաց են թողել քաղաքական հեղափոխությանը մասնակցելու պատեհությունը, այսօր լավ առիթ ունեն մասնակցելու տնտեսական հեղափոխությանը, լինել տնտեսական հեղափոխության ակտիվիստ՝ բառիս աշխատանքային իմաստով, այսինքն` ամբողջ աշխարհում դառնալ ՀՀ-ի եւ ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունների եւ դրանց բովանդակության ներկայացման դեսպանը»:
Փաշինյանի հայտարարությունները, թերեւս, պատահական չեն. թավշյա հեղափոխության օրերին, քանի դեռ Սերժ Սարգսյանը հրաժարական չէր ներկայացրել, դիվանագիտական կորպուսը (բնականաբար նախկին իշխանության հրահանգով) լծված էր միջազգային հանրության մոտ ընդդիմության գործողությունները բացասական տեսանկյունից ներկայացնելու եւ այդ ամենի նկատմամբ վատ կարծիք ձեւավորելու գործին:
Ավելին` թավշյա հեղափոխությունից հետո եւս մի տեւական ժամանակ դիվանագիտական կորպուսը կարծես խուսափում էր օտարերկրացիների մոտ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների իրական բովանդակությունը ներկայացնելու հարցից, այլ կարծես ներքին կարգով լռելյայն սաբոտաժի էր ենթարկում նոր իշխանություններին: Ու հիմա վարչապետ Փաշինյանը հասկացնում է, որ ինքը տեղյակ է եղել այդ ամենից, բայց եւ պատրաստ է մոռանալ դրանք, եթե դիվանագետները լծվեն տնտեսական հեղափոխությանը մասնակցելու գործին: Ու այս առումով նկատենք, որ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում առանցքային դերակատարություն ունի հենց դիվանագիտական կորպուսը Հայաստանում տեղի ունեցածը դրսին ներկայացնելու, այդպես նրանց շահագրգռելու եւ համոզելու առումով: