Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը եղավ Սպիտակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ՀՓՋ-ի անձնակազմի հետ, շենք-շինության պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու հագեցվածությանը և աշխատանքային պայմաններին:
ԱԻ նախարարի հաջորդ կանգառը Վանաձորի թիվ 1, այնուհետև թիվ՝ 2 հրշեջ-փրկարարական ջոկատներին էին: Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում գերատեսչության ղեկավարին ներկայացվեցին ջոկատներում առկա խնդիրները, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ջոկատների գույք-տեխնիկային, ծառայողների աշխատանքային պայմաններին, կարդային քաղաքականությանը և այլն:
Հրշեջ-փրկարարական ջոկատներ կատարած այցից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատաքային խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզային փրկարարական վարչությունում: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին տեխնիկայի, վառելիքի, տարածքներում ջրի անբավարար պաշարների, ինչպես նաև կադրային խնդիրներին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ նաև հանրապետությունում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման կարևորությանը: Գերատեսչության ղեկավարը կարևորեց նաև տեղերում բնակչության հետ տարվող աշխատանքները, ինչպես նաև համագործակցությունը տեղական կառույցների հետ:
Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարարը վստահեցրեց, որ բարձրացված խնդիրները մոտ ապագայում կլուծվեն՝ ըստ առաջնահերթության: