Այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, սակայն օրակարգն այնքան էլ հագեցած չէ. ընդգրկված է մեկ հարց, որը պետք է քննարկվի 24-ժամյա ռեժիմով: Այսինքն, վաղը եւս խորհրդարանը կհավաքվի այդ հարցը երկրորդ ընթերցմամբ անցկացնելու համար: Օրակարգում ընդգրկված միակ նախագիծը վերաբերում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին:
Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, երկրի տարածք ներմուծել մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը:
Արդեն կա նաեւ մեքենաների թվաբանական պատկերը՝ շուրջ 840: Հավելենք, որ երեկ այս հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եւ արժանացել հավանության: