ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արփինե Հովհաննիսյանը ինստիտուտները հաստատ խառնել է. Նիկոլայ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի մարտի մեկին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու համար։

Նշենք, որ երեկ` իր ասուլիսի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը, անդրադառնալով այդ հարցին, ասաց, որ առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը ներդնելը Հայաստանի միջազգային պարտավորությունն է, եւ այդ պարտավորությունը արձանագրված է ՄԱԿ-ի եւ Եվրոպական որոշ կառույցների՝ Հայաստանի հետ ունեցած հարաբերություններում։

«ՄԻԵԴ-ը դա արձանագրել է, որ լիարժեքորեն համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մակարդակով ճանաչված գործիք է, որը կարող է կիրառվել։ Դեռեւս 2015 թվականին միջազգային մեր գործընկերները մեզ ռեկոմենդացիա են արել, որ այդ մեխանիզմը Հայաստանում ներդրվի»,-ասաց Փաշինյանը: ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, խոսելով այս մասին, ասաց, որ Կենտրոնական բանկը սրանով Նիկոլ Փաշինյանի կառավարության տակ ռումբ է դնում: «Իմ քայլը» խմակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Արփինե Հովհաննիսյանը, կարծես, ինստիտուտները խառնել է:

«Օրենսդրական այս կարգավորումը ավելի շատ պետք է լինելու ոչ թե ՀՀ իրավապահ մարմիններին, այլ օտարերկրյա իրավապահ մարմիններին, երբ որ մարդը այլ երկրում կատարել է հանցագործություն` փողերի լվացման հետ կապված, եւ խնդիր է ծագում, որ իր գույքը գտնվելու է Հայաստանում, եւ պետք է կարողանանք գույքը սառեցնենք եւ այդ բռնագանձման գործընթացը իրականացնենք, եւ այդ այն ժամանակ, երբ դատավճիռ դեռ չկա: Այդ միջազգային պայմանագիրը վավերացվել է դեռ նախորդ իշխանության օրոք: Ես չեմ կարծում, որ մենք նմանատիպ գործեր կունենանք:

Հայաստանի Հանրապետությունն այն պետությունը չէ, որ փողերի լվացման արդյունքում էստեղ բերեն փող պահեն, բայց մենք պետք է ունենանք, որովհետեւ միջազգային պայմանագրից է դա բխում, ընդ որում` նախկին իշխանության կողմից վավերացված»,-մեզ հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

Լուսինե Մինասյան




Լրահոս