ՀՀ Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցի նոր տնօրեն Հերմինե Անդրեասյանն արդեն մի քանի օր է` ոստիկանների ուղեկցությամբ է դպրոց մտնում: Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ այս խնդրի շուրջ քննարկում է տեղի ունեցել, բայց ուսուցիչները վրդովված են դուրս եկել, քանի որ մարզպետը հրաժարվել է կատարել նրանց` նոր տնօրենին հեռացնելու վերաբերյալ պահանջը:
Տեղեկացնենք, որ ավելի քան մեկ շաբաթ է, ինչ դպրոցում դասադուլ է. դպրոցի սաները ծնողների եւ ուսուցիչների հետ միասին պահանջում են տնօրենի հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դասադուլը իրականացվում է` ի պաշտպանություն դպրոցի ուսմասվար Ռեգինա Սիմոնյանի, ում նոր տնօրենը հորդորել է ազատման դիմում գրել:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց կապ հաստատել նոր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հետ: Փոխարենը նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել` նշելով, որ իր նշանակումը ուղղորդված չէ, ապա իր դեմ իրականացվող ակցիաների մեջ մեղադրել է փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանին եւ ուսուցիչներից Կարինե Փամբուկյանին: