Armenian text to speach

ՖՈՏՈ։ Աննախադեպ հորատումներ Արարատի լանջերին․ մեկնարկել են Նոյյան տապանի որոնման լայնածավալ պեղումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում շարունակում են ակտիվորեն շրջանառվել տեսանյութեր, որոնցում հստակ երևում է, թե ինչպես են հսկայական մեքենաներն ու ծանր տեխնիկան հորատում Արարատ լեռան մերձակա լանջերը։ Խոսքը վերաբերում է Արարատի գագաթից մոտ 24 կիլոմետր հեռավորության վրա գտնվող 157 մետր երկարությամբ Դուրուփընար (Durupınar) կազմավորմանը։ Տասնամյակներ շարունակվող բուռն բանավեճերից, ռադարային սկանավորումներից և իրարամերժ տեսությունների առաջքաշումից հետո, հետազոտողներն այժմ սկսել են անմիջապես փորել այս տարածքը՝ իրականացնելով հնագիտության ամենավիճահարույց վայրերից մեկի թերևս ամենաուղիղ և գործնական ստուգումը։

ArmLur.am-ը ուսումնասիրել է բոլոր մանրամասները։

Ներկայումս «Noah’s Ark Scans» արշավախումբը տարածքի ընդերքից հողի և ապարների հիմնական նմուշներ է վերցնում։ Ակնկալվում է, որ նախորդ ռադարային հետազոտությունների արդյունքում հայտնաբերված անսովոր ստորգետնյա անոմալիաները, դատարկություններն ու ենթադրյալ խցիկներն ուսումնասիրելու համար այդ հորատանցքերով վար կուղարկվի հատուկ նախագծված ռոբոտացված տեսախցիկ։ Թեև ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս խորամուխ լինել լեռան ընդերքի գաղտնիքների մեջ, գիտական հանրությունը շարունակում է զգուշություն ցուցաբերել, քանի որ առայժմ չկա որևէ հաստատված ապացույց, որ այդ կազմավորումն իսկապես Նոյան տապանն է։

Արշավախմբի ներկայացուցիչները պնդում են, որ նախկինում իրականացված ռադարային հետազոտությունները ցույց են տվել ստորգետնյա միջանցքների և խցիկների նմանվող կառույցներ։ Այժմ նրանք նախատեսում են նեղ հորատանցքերով երկրի ընդերք ուղարկել «Gopher» կոչվող ստորգետնյա ռոբոտը, որը սկզբնապես նախագծվել էր Ավստրալիայում՝ կենդանիների որջերն ուսումնասիրելու համար, իսկ այժմ վերասարքավորվել է տեսանկարահանումներ անելու և հողի նմուշներ վերցնելու համար։

Չնայած նրան, որ նախագծի կազմակերպիչները, մասնավորապես՝ ամերիկացի աղմկահարույց ակտիվիստ Լորեն Վիթցկեն, անում են սենսացիոն հայտարարություններ՝ պնդելով, թե այս պեղումները «կփոխեն համաշխարհային պատմությունը», գիտական համայնքի վերաբերմունքը տեղի ունեցողին ավելի քան զսպված է և տոգորված խորը կասկածամտությամբ։ Դուրուփընարի տարածքը հայտնաբերվել է դեռևս 1959 թվականին՝ օդային լուսանկարահանման ժամանակ, և տասնամյակներ շարունակ եղել է տարբեր սիրողական հետազոտողների ու արշավախմբերի ուշադրության կենտրոնում։ Այնուամենայնիվ, ժամանակակից երկրաբանների և հնագետների ճնշող մեծամասնությունը միակարծիք է, որ այդ «նավաձև» բլուրը ոչ այլ ինչ է, քան էրոզիայի, կրաքարային ապարների և հրաբխային կավի հետևանքով ձևավորված բնական երկրաբանական գոյացություն։

Այս նախագծի շուրջ ծավալված աղմուկը լրացուցիչ երանգ է ստանում նաև այն պատճառով, որ արշավախումբը ստիպված է աշխատել ժամանակի դեմ մրցավազքում։ Սպասվող ձմեռային ցուրտ եղանակը շուտով կսառեցնի հողն ու կստիպի դադարեցնել ծանր տեխնիկայի աշխատանքը մինչև հաջորդ տարի, իսկ նախագծի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հանգանակությունը դեռևս ամբողջությամբ հավաքագրված չէ։ Այդուհանդերձ, համացանցում տարածվող տեսանյութերը շարունակում են գրավել միլիոնավոր մարդկանց ուշադրությունը՝ վերածնելով դարավոր առասպելների և գիտական փաստերի միջև ընթացող հավերժական վեճը։

Իրականում Նոյան տապանի որոնումներն ունեն բավականին հարուստ ու խորհրդավոր պատմություն, որը հարուստ է հիասթափություններով և անպատասխան մնացած հարցերով։ Վերջին հարյուրամյակի ընթացքում տասնյակ մարդիկ են պնդել, թե գտել են տապանը, և այդ որոնումների գերակշիռ մասը կենտրոնացել է հենց Արարատ լեռան վրա։ Դեռևս 1908 թվականին Ջորջ Հակոբյան անունով մի տղամարդ պնդում էր, որ մանուկ հասակում հորեղբայրն իրեն տարել է Արարատ լեռան Ակոռիի կիրճի տարածք, որտեղ նրանք հսկայական նավ են գտել, և ինքը նույնիսկ քայլել է դրա տանիքին։ Թեև դրանից հետո առնվազն մեկ տասնյակ արշավախմբեր են ուսումնասիրել այդ կիրճը, տապանի որևէ մնացորդ այդպես էլ չի հայտնաբերվել։ Ավելի ուշ՝ 1949 թվականին, Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունների կողմից Արարատ լեռան հյուսիսարևմտյան լանջին արված լուսանկարներում սառույցի և ձյան միջից ցցված հսկայական կառույց նկատվեց, սակայն մասնագետների մեծ մասը հակված է կարծելու, որ դա ընդամենը բնական ժայռային գոյացություն է եղել։

Ինչ վերաբերում է անմիջապես Դուրուփընարին, ապա այս «նավաձև» գոյացությունը լայն ճանաչում ստացավ հատկապես ամերիկացի հետազոտող Ռոն Ուայաթի ջանքերով, ով պնդում էր, թե տարածքում բազմաթիվ արտեֆակտներ է գտել, որոնք հաստատում են դրա աստվածաշնչյան ծագումը։ Սակայն երկրաբանները հաճախ հիասթափեցնում են էնտուզիաստներին՝ նշելով, որ այս վայրը, ամենայն հավանականությամբ, այդ տարածաշրջանին բնորոշ նմանատիպ երկրաբանական բազմաթիվ կազմավորումներից ընդամենը մեկն է։

Անկախ այն հանգամանքից, թե Արարատի լանջերին ընթացող ներկայիս հորատումներն ինչ արդյունք կտան՝ վերջնականապես կհաստատեն դարավոր լեգենդը, թե կհերքեն այն հօգուտ չոր երկրաբանության, այս վայրը շարունակելու է մնալ մարդկության պատմության և հավատքի խաչմերուկում գտնվող ամենախորհրդավոր ու գրավիչ կետերից մեկը։

Կամ մի գուցե այս ամբողջ աղմուկը պարզապես հանրության ուշադրությունը գրավելու, լրացուցիչ դիտումներ հավաքելու և սենսացիոն ալիք բարձրացնելու հերթական PR քայլն է։

Անի Վարդանյան

 




Լրահոս